image

«Լաւատեսութեան մի հատիկ ՄԱԿ-ի Անվատնգութեան խորհուրդի նիստից»․ Վարդան Օսկանեան

«Լաւատեսութեան մի հատիկ ՄԱԿ-ի Անվատնգութեան խորհուրդի նիստից»․ Վարդան Օսկանեան

Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան դիմատետրեան իր էջին գրառում կատարած է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի նիստի վերաբերեալ, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․-

«ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը, որը մեր հասարակութեան մօտ լաւատեսութիւն եւ յոյսեր էր առաջացրել, աւարտուեց յուսախաբութեամբ։ Չընդունուեց որեւէ բանաձեւ կամ յայտարարութիւն, եւ հարցական է, արդեօք երբեւէ միջազգային իրաւունքի ուժով որեւէ բանաձեւ կը լինի, որը Ադրբեջանին կը պարտադրի բացել Լաչինի միջանցքը։

Յամենայն դէպս, այս ամէնի միջից ես ուզում եմ լաւատեսութեան մի հատիկ վերցնել, որի իրականութիւն դառնալու հնարաւորութիւնը կախուած է միայնումիայն Հայաստանի իշխանութիւնների դիրքից ու գործելակերպից կամ նրանց հրաժարականից։

Անվտանգութեան խորհրդի հինգ մշտական անդամներից որեւէ մէկն իր ելոյթում յատուկ շեշտադրում չարեց այն փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկէտ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ներկայի բանակցութիւններում հիմնական միջնորդներից Եւրամիութեան ներկայացուցիչը յղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականութիւն չէ։ Միջազգային հանրութիւնը թերեւս բաց է պահում այսօրուայ բանակցային օրակարգը փոխելու հնարաւորութիւնը։

Օրինակ, ճիշդ կը լինէր, որ Անվտանգութեան խորհրդի նիստում արտաքին գործոց նախարարը հնչեցներ առնուազն հետեւեալը․

«Ադրբեջանի վերջին գործողութիւններն ու յայտարարութիւնները մեզ ստիպում են եզրակացնել, որ նրանք ոչ միայն անպատժելիօրէն խախտում են պայմանաւորուածութիւներն ու ստորագրած փաստաթղթերը, այլեւ չարաշահում են հայկական կողմի բարի կամքի դրսեւորումները։

Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերաբերեալ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի յայտարարութիւնում ներառուած արտայայտութիւնը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։

Սակայն, ինչպէս յայտնի է, դիւանագիտութեան եւ բանակցութիւնների մէջ ոչինչ համաձայնեցուած չէ, քանի դեռ ամէն ինչ համաձայնեցուած չէ։ Ինչպէս գիտէք, մենք դեռ շատ բան ունենք համաձայնեցնելու։ Հայաստանը պարզապէս պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, եթէ խաղաղ բանակցութիւնները յանգեցնելու են արդար եւ երկարատեւ խաղաղութեան մեր երկու ժողովուրդների միջեւ:

Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել եւ մոռացութեան տալ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին ունեցել է ինքնավար կարգավիճակ, ինչը եւ պէտք է լինի նուազագոյն այն հենքը, որի վրայ կը կառուցուի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերեալ ցանկացած քննարկում»։

Ի հարկէ, մենք չենք կարող իրադարձութիւնները յետ պտտել։ Հայկական կողմն այդ հնարաւորութիւնը կորցրել է, բայց ես մնում եմ համոզուած, որ վերոնշեալ մօտեցումները, դիրքորոշումները, քաղաքականութիւնը՝ թէկուզ եւ էութեամբ մինիմալիստական (առ նուազն), բայց մնում են հնարաւոր ճանապարհներից մէկը՝ փոխելու այսօրուայ շատ վտանգաւոր եւ փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը (պատմութիւն)։ Այս մօտեցումներով միայն հնարաւոր կը լինի բանակցային ճանապարհով հասնելու արդար եւ երկարատեւ խաղաղութեան երկու ժողովուրդների միջեւ»։