image

«Ղարաբաղցի մեր քրոջ ասացի, մի պանդխտացրէք երեխուն». Տխուր միջադէպէն ետք Փաշինեան փակագծեր բացած է  

«Ղարաբաղցի մեր քրոջ ասացի, մի պանդխտացրէք երեխուն». Տխուր միջադէպէն ետք Փաշինեան փակագծեր բացած է  

Ղարաբաղցի մեր յարգելի տիկնոջ, իմ քրոջը, ես ինչ ըսի. ըսի, Ձեր երեխան պէտք է ՀՀ-ի մէջ ապրի։ Ըսի, մի՛ մտցուցէք երեխայի մէջ պանդուխտի տրամաբանութիւն, մի պանդխտացուցէք երեխուն։ Այս մասին թիմակիցներու հետ քննարկման ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Ասում եմ, սիրելի ղարաբաղցիներ, դուք տնուոր չէք, դուք տէր էք, սա ձեր երկիրն է, սա մեր եկիրն է, եւ մեր ամբողջ քաղաքականութիւնը դրա մասին է, որ դուք Հայաստանի Հանրապետութեան տէրն էք, մեր միւս քաղաքացիների հետ միասին»,-ըսած է ան։

Յիշեցնենք, որ երէկ, Երեւանի մեթրոփոլիթենի մէջ Նիկոլ Փաշինեանը մատ թափ տուած եւ ձայն բարձրացուցած էր 1993-ին Արցախեան ազատամարտին զոհուած դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյեանի դուստր՝ Արմինէ Մոսիյեանի վրայ։

Նիկոլ Փաշինեանը որոշած էր շրջիլ Երեւանի մէջ եւ Երեւանի բնակիչներու տրամադրութիւնները շօշափել։ Մեթրոյին մէջ ան ցոյց տալով իր ձեռքին եղած քարտէզով կրծքանշանը, տղայ երեխային ըսաւ․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նուիրեմ սրանից»։

Երեխայի մայրը արձագանգեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտէզ ունենք»:

«Բայց ձեր տղան այս քարտէզում է ապրելու. էդ հաշուի առէք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանութիւնը»,- նշած է Փաշինեանը, որուն արձագանգած է արցախցի կինը. «Դուք չէք թողել արդէն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չէք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու յոյսից»:

Փաշինեանը ըսած է. «Մենք ամէն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրէք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգայ Հայաստան, հիմա եկել էք այստեղ եւ ասում էք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիառներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չէք մնացել»:

Կինը ըսած է Փաշինեանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխօսի:

«Կը խօսեմ, միւս անգամ փախածներով չփորձէք ասել, որ ես Ղարաբաղ եմ տուել...»,- շարունակած է Փաշինեանը:

Ղարաբաղից տեղահանուած քաղաքացիի հետ ունեցած բանավէճին օրուայ ամփոփման ժամանակ անդրադարձած է ՀՀ վարչապետը դիմատետրի իր էջի ուղիղ եթերով:

«Ես այդ թեմային առանց էմոցիաների արձագանգել չեմ կարող: Յիշեցի, որ Ազգային ժողովում էլ, յետոյ էլ ես առանց էմոցիաների չեմ կարողացել արձագանգել, բայց քիչ առաջ խոստացայ, որ աւելի հանգիստ կը խօսեմ թեմայի մասին:

Ես այդ կնոջից՝ Արմինէ Մոսիյեանից եւ նրա տղայից ներողութիւն եմ խնդրում»,-ըսած է վարչապետն ու մանրամասնած այդ եւ օրուայ ընթացքին տեղի ունեցած միւս իրադարձութիւնները: