Բանակի օրուան առթիւ ուղերձներ յղած են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը։
Ըստ Ռոպերտ Քոչարեանի՝ «8 տարիներին արուել է ամէն ինչ՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար», Սերժ Սարգսեանն ալ բանակի կերպափոխումն անուանած է «տարակուսելի գործընթաց» եւ բանակի «վերջնական ջախջախման արար»։
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.-
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ Հայոց բանակի օրուայ առթիւ։
Ցաւով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արուել է ամէն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու յաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։
Քաղաքական ղեկավարութեան՝ իր սխալները բանակի վրայ բարդելու մոլուցքն անհետեւանք չմնաց մեր բանակի համար:
Աշխարհի բոլոր պետութիւնների համար իրական, երկարատեւ եւ արժանապատիւ խաղաղութեան գլխաւոր երաշխաւորն ամուր եւ մարտունակ բանակն է, եւ մենք բացառութիւն չենք կարող լինել:
Լիայոյս եմ, որ մեզ կը յաջողուի արագօրէն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կ՚ապահովի կայուն խաղաղութիւն:
Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատուօրէն կրող բոլոր զինուորականներին:
Յաւերժ փառք Հայրենիքի համար նահատակուած մեր զինուորներին:
Ռոպերթ Քոչարեան»։
Սերժ Սարգսեանի գրասենեակը հրապարակած է անոր ուղերձներու կարեւոր շեշտադրումները 2018-էն ի վեր.-
«📌Ցանկացած ազգ եւ պետութիւն դատապարտուած է չգոյութեան, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելութեան առաջին գրաւականը բանակն է. չկայ բանակ՝ չկայ եւ չի լինելու պետութիւն:
📌Օտար, թէկուզ բարեկամ, պետութեան բանակը երբեք չի պաշտպանի որեւէ ազգի ու պետութեան սահմաններն այնպէս, ինչպէս իր հայրենի հողը, պետութիւնն ու ծնողին պաշտպանող զինուորը:
📌Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմութիւն է, այլեւ օբյեկտիւ իրողութիւն, որ գոյութիւն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից:
📌Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիւ եւ ազգային արժանապատւութիւն ունեցողները:
📌Թշնամին տեսել է Հայոց բանակի յաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինուորի աներեւակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ:
📌Բանակի վրայ այսօր քար նետողներին ու թերահաւատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտէք իրական հայկական բանակը:
📌Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզօր բանակը միֆ համարողները միտումնաւոր անարգում են հազարաւոր քաջորդիների յիշատակը եւ գիտակցաբար յուսահատութեան մղում մեր ժողովրդին:
📌Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչուող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպէս բանակի վերջնական ջախջախման արար:
📌Հայո՛ց բանակ, մեր սիրելի՛ զաւակ,
Ուղղի՛ր մէջքդ, սեղմի՛ր ցաւդ ատամներիդ տակ եւ առաջ նայիր` դասեր քաղելով անցեալից:
📌 Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատութեան եւ անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիւ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քոյրերի, որդիների եւ դուստրերի անմահ յիշատակի առջեւ»: