Այսօրուան ճամբորդութիւնը մեր ձեւաւորած Հայաստանով էր եւ մեր քաղաքականութիւններու հանգուցային կէտերով ճամբորդութիւն էր։ Այս մասին Կապանի մէջ, ներկուսակցական քարոզարշաւին ելոյթի ժամանակ նշած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Առաջին կէտում մենք կանգնեցինք եւ տաղաւարում առեւտուր անող կինը շնորհակալութիւն յայտնեց մեզ։ Հարցրի՝ ինչի՞ համար։ Ասեց՝ միկրոբիզնեսի համակարգը ստեղծելու համար, որովհետեւ իմ հարկային բեռը այնքան է թեթեւացել, որ ես իմ ընտանիքի կարիքները, ծանր կարիքները հոգում եմ։
Յաջորդիւ, եկանք, հասանք Սիսիան, պատահական դուռ ծեծեցի, դուռը բացուեց։ Պարզուեց՝ ապրում են, ապրում է թոշակառու, որի թոշակը բարձրանում է, անկանխիկ առեւտրով յետվճար է ստանում եւ առողջութեան ապահովագրութեան շահառու է։ Յաջորդ դուռը թակեցի եւ բացեց երիտասարդ մայրիկ՝ երեխան գրկին։ Պարզուեց, որ երրորդ եւ իւրաքանչիւր յաջորդ երեխայի ծննդեան նպաստն է ստանում և երեխային մինչեւ երկու տարեկանի, տարեկանի խնամքի նպաստն է ստանում։
Յաջորդիւ, միւս դուռը ծեծեցի, երիտասարդ ընտանիք էր, երեխայի են սպասում, եւ հիփոթեկով էին առել տունը, պարզուեց, որ երեխայի ծնուելուց յետոյ կառավարութիւնը հիփոթեկի մարման միանուագ աջակցութիւն է ցուցաբերելու այդ ընտանիքին։ Համայնքներով ենք անցնում, համայնքները փոխւում են, Սիւնիքի համայնքները, ներառեալ՝ Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը եւ հիմնականում սուբվենցիոն ծրագրերի շնորհիւ։ Շատ է խոսւում, որ տարբեր տեղերում ընդդիմադիր են համայնքի ղեկավարները, թէ պրոիշխանական, երբեք համայնքի ղեկավարի համար չենք ֆինանսաւորում որեւէ համայնք։ Մենք համայնքը ֆինանսաւորում ենք բնակիչների համար, մեր սիրելի հայրենակիցների համար։
Մինչեւ հիմա ես ասում էի կամ ընդամէնը երկու օր առաջ ես ասում էի, որ մենք պէտք է պաշտպանենք մեր ձեւաւորած Հայաստանը։ Հիմա այս դինամիկան փոխում է իմ կարծիքը։ Ես հիմա կարծում եմ՝ այսօրուայ Հայաստանը առաջիկայ ընտրութիւններում պէտք է պաշտպանի ինքն իրեն։ Այսօրուայ Հայաստանը առաջիկայ ընտրութիւններում պէտք է պաշտպանի ինքն իրեն, եւ էլի ուզում եմ ասել, նրանք, ովքեր պատկերացնում են, թէ Հայաստանում լինելու է, ինչպէս իրենք ասում են՝ «Գիւմրի 2», ես էլի ուզում եմ ասել՝ ինչ է տեղի ունենալու Հայաստանում 2026 թուականի յունիսի 7-ի ընտրութիւնների արդիւնքներում։ Տեղի է ունենալու յեղափոխութիւն 3 եւ Գիւմրի 1, եւ ըստ էութեան վերահաստատուելու է Հայաստանի Հանրապետութիւնը, այն Հայաստանի Հանրապետութիւնը, որ մերը չէր եւ այլեւս մերն է»,-նշած է ան։