«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն վարչապետի թեկնածու չի առաջադրի։ Այս մասին ապրիլի 18-ին համագումարի ժամանակ հայտնել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ իրենց քաղաքական ուժի գլխավոր նպատակը ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի համար պայքարն է, այլ նոր ձևավորվող օրենսդիր մարմնում հավասարակշռող և փոխզսպող դերակատարում ստանձնելը, քանի որ չմասնակցելը միայն կնպաստի գործող իշխանության վերարտադրմանը։
«Մենք չենք մտնելու այս վարչապետական թեկնածուների գզվրտոցի մեջ։ Ժողովուրդ ջան, սա պատգամավորների ընտրություններ է, մի հատ սկզբից որոշեք՝ ինչ ձևի պատգամավորներ եք ուզում ունենալ, ովքեր հետո կձևավորեն ձեր իշխանությունը»,- ասել է Մարուքյանը:
Համագումարի ժամանակ կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը։ Ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է, նրան հաջորդում են Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը, Սուրեն Գյուրջինյանը։
Քաղաքական ուժն առանձնահատուկ շեշտադրում է կատարում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության վրա՝ խստորեն քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրային այն դրույթները, որոնք ենթադրում են միջամտություն եկեղեցու գործերին։ Ըստ Մարուքյանի՝ ազգային-հոգևոր ինստիտուտի դեմ արշավը սպառնում է երկրի ինքնիշխանությանը և խարխլում պետականության հիմքերը։
«Փոխանակ Հայաստանն ասի՝ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք և դիրքավորվի այդ ճանապարհով, ներսում պայքար է գնում մեր եկեղեցու դեմ, և այդ պայքարն ուղղակի հարվածում է պետականության ողնաշարին: Եթե դու չունես մշակութային քո ինքնությունն ամրացնող ինքնիշխանություն, դու պետական ինքնիշխանությունից զրկվելու ես»,- հայտարարեց նա:
Որպես երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեղմելու և իշխանությանը հակակշռելու մեխանիզմ՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել հոգևորականի։ Կուսակցությունն այս դերի համար նպատակահարմար է համարում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ ակնկալելով, որ այս գաղափարի շուրջ հնարավոր կլինի ապահովել ընդդիմադիր դաշտի որոշակի համախմբում։
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը առաջարկում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որպեսզի հեղինակություն ունեցող նախագահն ինստիտուտին ուժ տա, հակակշռի, փոխզսպի և երկրում դադարեցվի այս քաոսը»,- նշել է Մարուքյանը։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք հրաժարվելու են սոցիալական բնույթի պոպուլիստական խոստումների ավանդական մրցավազքից։ Փոխարենը, կուսակցությունը մտադիր է լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ՝ հանրությանը ներկայացնելու համար ընտրությունների իրական, գոյաբանական նշանակությունը։