Լիբանանցի հայտնի երգչուհի, երաժշտագետ, արեւելյան եւ բյուզանդական երգարվեստը տարածող երգչուհի Աբիր Նահմեն համագործակցել է հայ նշանավոր դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի հետ: Համագործակցության մասին հայտարարել է դիզայները, նշելով, որ երգչուհու անզուգական ձայնն ու դյութիչ ներկայությունը հատուկ հմայք ու գեղեցկություն են հաղորդել իր գաղափարներին:
Աբիր Նահմեն լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած շքեղ կարմիր զգեստով եւ ձեռագործ զարդերով ներկայացել է Քուվեյթի օպերայում, որը հայտնի է իբրեւ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն: Այն համարվում է Մերձավոր Արեւելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերայի տունը, որի միայն կառուցման համար Քուվեյթի իշխանությունները ծախսել են 775 միլիոն ԱՄՆ դոլար:
Արվեստի եւ նորաձեւության աշխարհը մեկ անգամ եւս քննարկել է հայ դիզայների տաղանդը, նշելով, որ թեեւ Բեյրութի 2020 թվականի պայթյունից հետո Գրիգոր Ջաբոտյանի նորաձեւության տունը վնասվել եւ անհաջողության է մատնվել, բայց դիզայները շարունակում է իրականացնել իր հավակնոտ եւ տաղանդավոր գաղափարները: Նրա տարբերվող եւ յուրահատուկ հեղինակային զգեստները կրում են թագուհիներ, աստղեր եւ նշանավոր կանայք: Ջաբոտյանը հայտնի է հատկապես իր ստեղծած հարսանեկան եւ տոնական հագուստներով: Աշխատանքներում նա հաճախ է հայկական մշակույթի տարրեր օգտագործում, ստեղծում հայկական անուններով հավաքածուներ:
Արաբ երգչուհի Աբիր Նահմեն, որի՝ արեւելյան հնագույն հիմքի վրա մատուցվող ժամանակակից երգարվեստի համբավը դուրս է եկել Լիբանանի սահմաններից, նույնպես ճանաչված է արվեստի յուրահատուկ մատուցմամբ: Նա հաճախ է հայկական երգեր կատարում, ինչպես՝ «Կիլիկիա»-ն, «Սարերի հովին մեռնեմ» եւ այլն: