image

Արաբական երգի աստղը՝ Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած հագուստով եւ զարդերով

Արաբական երգի աստղը՝ Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած հագուստով եւ զարդերով

Լիբանանցի  հայտնի երգչուհի, երաժշտագետ, արեւելյան եւ բյուզանդական երգարվեստը տարածող երգչուհի Աբիր Նահմեն համագործակցել է հայ նշանավոր դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի հետ: Համագործակցության մասին հայտարարել է դիզայները, նշելով, որ երգչուհու անզուգական ձայնն ու դյութիչ ներկայությունը հատուկ հմայք ու գեղեցկություն են հաղորդել իր գաղափարներին:

 

 

 

Աբիր Նահմեն լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած շքեղ կարմիր զգեստով եւ ձեռագործ զարդերով ներկայացել է Քուվեյթի օպերայում, որը հայտնի է իբրեւ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակույթի կենտրոն: Այն համարվում է Մերձավոր Արեւելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերայի տունը, որի միայն կառուցման համար Քուվեյթի իշխանությունները ծախսել են 775 միլիոն ԱՄՆ դոլար: 

Արվեստի եւ նորաձեւության աշխարհը մեկ անգամ եւս քննարկել է հայ դիզայների տաղանդը, նշելով, որ թեեւ Բեյրութի 2020 թվականի պայթյունից հետո Գրիգոր Ջաբոտյանի նորաձեւության տունը վնասվել եւ անհաջողության է մատնվել, բայց դիզայները շարունակում է իրականացնել իր հավակնոտ եւ տաղանդավոր գաղափարները: Նրա տարբերվող եւ յուրահատուկ հեղինակային զգեստները կրում են թագուհիներ, աստղեր եւ նշանավոր կանայք: Ջաբոտյանը հայտնի է հատկապես իր ստեղծած հարսանեկան եւ տոնական հագուստներով:  Աշխատանքներում նա հաճախ է հայկական մշակույթի տարրեր օգտագործում, ստեղծում հայկական անուններով հավաքածուներ:  

 

Արաբ երգչուհի Աբիր Նահմեն, որի՝ արեւելյան հնագույն հիմքի վրա մատուցվող ժամանակակից երգարվեստի համբավը դուրս է եկել Լիբանանի սահմաններից, նույնպես ճանաչված է արվեստի յուրահատուկ մատուցմամբ: Նա հաճախ է հայկական երգեր կատարում, ինչպես՝ «Կիլիկիա»-ն, «Սարերի հովին մեռնեմ» եւ այլն: