image

Պատերազմը մեզ մի բան սովորեցրեց՝ աշխարհում ամենաապահով վայրը հայրենիքն է. Արմավիրում ապրող սիրիահայեր

Պատերազմը մեզ մի բան սովորեցրեց՝  աշխարհում ամենաապահով վայրը հայրենիքն է. Արմավիրում ապրող սիրիահայեր

Տարբեր մարդիկ, գրեթե նույն ճակատագրերով. այսօր այսպես կարելի է բնութագրել Հայաստանում ապրող սիրիահայերին: Երբ ծանոթանում ես սիրիահայերի պատմություններին, հասկանում ես, թե ինչքան դժվարությունների միջով են անցնում, որպեսզի կարողանան ապրել հայրենիքում: Պատերազմը շատերին զրկել է ունեցվածքից, տանիքից, ապրուստի միջոցներից,  շատերը փորձում են մի կտոր հացի խնդիրը լուծելով մնալ հայրենիքում, ամեն աշխատանք պատրաստ են անել, իսկ շատերի համար էլ Հայաստանը միջանկյալ երկիր է՝ այլ երկրներ գնալու համար: Թերևս հայրենիքում աշխատանք չունենալն ամենամեծ խնդիրն է, որը հնարավորություն կտար սեփական միջոցներով հոգալ ընտանիքների կարիքները: Չնայած շատ դժվարություններին, ամենակարևորը, թերևս չբողոքելու առանձնահատկությունն է, որ նրանք ունեն: 

Արմավիրի մարզում ապրող սիրիահայերին  կարող ես հանդիպել «Արմենիան Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում, որը գտնվում է մարզի Պտղունք գյուղում: Այստեղ Սիրիայից եկած մեր հայրենակիցներին ամեն օր  սիրով են սպասում: Տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, հագուստ, տան համար առաջին անհրաժեշտության իրեր են բաժանում, ինչպես նաև հոգեբանական օգնություն ցուցաբերում նրանց: 

Հալեպցի Սիլվա Հանյանը մասնագիտությամբ դերձակ է: Ամուսնու և աղջկա հետ ապրում է Պտղունք գյուղում: Ամուսինը տարբեր աշխատանքներ է կատարում, այգիներում բանվորություն անում, երբեմն առք ու վաճառքով է զբաղվում: Ինչ խոսք, շատ դժվարություններ կան, բայց պատերազմից հեռու գտնվելն ու հայրենի հողում ապրելն ուժ է տալիս: Նրանք Հայաստանում են 2014 թվականից: Սկզբնական շրջնում Երևանի կարի արտադրամասերից մեկում աշխատանք էր գտել, բայց 60 հազար դրամ էին վճարում. «Այստեղ կյանքը ուրիշ է, մենք, որ նոր էինք եկել, ոնց որ այլ իրականության մեջ հայտնված լինեինք: Հարմարվելը դժվար է, բայց քիչ-քիչ ստացվում է: Անգամ, եթե Հալեպում պատերազմը վերջանա, Հայաստանից չենք գնա»,-համոզված ասում  է նա: Այժմ «Կարմիր Խաչի» կողմից նվիրած կարի մեքենայով  սպիտակեղեն է կարում, որի համար շատ ցածր է վարձատրվում, հազիվ կարողանում է հոգալ ընտանիքի առօրյա ծախսերը: Եթե իր և ամուսնու աշխատանքի հարցը լուծվի, ամեն ինչ լավ կլինի` չի հուսահատվում Սիլվան:


 


Սիլվա Հանյանը

 

Ներսես Քեջեջյանը Հալեպից Հայաստան է եկել 2013-ին: Վեց հոգանոց ընտանիքը ապրում է վարձով: Ներսեսը տաքսի է քշում, ինչպես սիրիահայերից շատերը: «Չնայած սիրիահայերի մեծ մասը մասնագիտություն ունի, արհեստ, բայց Հայաստանում ամենահեշտ ճարվող աշխատանքը տաքսի վարելն է»,- կատակում է նա:

38-ամյա Էլմիրա Քոչարյանն ապրում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում:  2004-ին հարազատների միջոցով ծանոթացել է սիրիահայ Մինասի հետ և ամուսնանալով տեղափոխվել է Սիրիա: Հիմա Հայաստանում է 10-ամյա որդու` Սևակի հետ: Սևակը հաճախում է տեղի միջնակարգ դպրոցը, ապրում են Էլմիրայի ծնողների տանը:

Էլմիրան սիրով է հիշում Հալեպի կյանքը, սովորույթները, մարդկանց: 2012-ի ամռանը, երբ հերթական անգամ այցելության են գալիս ծնողներին, Հալեպում  պատերազմ է սկսում. «Մտածում էինք այդ ամենը շուտ կվերջանա, ամեն ինչ լավ կլինի, բայց իրավիճակը գնալով ավելի վատացավ»,-ասում է Էլմիրան,-«Այս ընթացքում ամուսինս երկու անգամ եկավ, վերջին անգամ այստեղ հաստատվելու մտադրությամբ, բայց աշխատանք չգտնելու պատճառով հետ վերադարձավ Հալեպ»:

Մասնագիտությամբ բուժքույր Էլմիրան պատմում է, թե ինչպես է Հալեպում հեշտորեն աշխատանք գտել, տեղի «Գյուլբենկյան» հիվանդանոցում: Առանց որևէ խնդիրների ու քաշքշուկների աշխատանքի է անցել ու երկար տարիներ աշխատել այնտեղ:

Երբ արդեն հասկացավ, որ Հալեպ վերադառնալն այնքան էլ շուտ չի լինի, որոշեց մասնագիտությամբ աշխատանք գտնել, երկար դեգերումներից հետո 2013-ին սիրիահայերին աջակցող մի ծրագրի շնորհիվ ընդունվեց Միքայելյան հիվանդանոց՝ 50 հազար դրամ աշխատավարձով, բայց քանի որ անգամ այդ 50 հազարն էին դժվարությամբ վճարում, աշխատանքից դուրս  եկավ: Այս տարիների ընթացքում Էլմիրային օգնել են «Կարմիր Խաչը», «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն ու գյուղապետարանը:

Այս տարի «Կարմիր Խաչը» բիզնես ծրագրի շնորհիվ մինչև 800 եվրո գումարի չափով ապրանք է տրամադրում փոքրիկ բիզնես սկսելու համար: Էլմիրան որոշել է զբաղվել արևելյան խմորեղենի արտադրությամբ: Ամուսինը նույնպես մտածում է հայրենիք վերադառնալու և այստեղ հիմնվելու մասին:

 


Էլմիրա Քոչարյան

 

«Պատերազմը մեզ մի բան սովորեցրեց՝  աշխարհում ամենաապահով վայրը հայրենիքն է, անգամ, եթե հայրենիքում բավականին դժվարություններ կան»,- ասում են սիրիահայ զրուցակիցներս:


Սահականուշ Արոյան/«Արևելքին»