image

Պալյանների գերեզմանոցը պատրաստ կլինի 2016-ի մայիսին

Պալյանների գերեզմանոցը պատրաստ կլինի 2016-ի մայիսին

Ինչպես հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, շարունակվում են 18-19-րդ դարերում Օսմանյան կայսրությունում արքունի ճարտարապետներ հանդիսացած Պալյան նշանավոր տոհմի` Սկյուտարում գտնվող գերեզմանոցի վերանորոգման աշխատանքները: Այդ առթիվ օրերս Ստամբուլ է այցելել գերեզմանոցի վերակառուցման բարերարներից նախկին պոլսահայ Հրաչ Քրմզյանը` ծանոթանալու աշխատանքներին:  Բարերարն ու Պոլսո ճարտարապետների ու ճարտարագետների «Հայճար» միության անդամները հայտարարել են, որ առաջիկա մայիսին պատրաստ կլինի Պալյանների տոհմական գերեզմանոցը, որը կառուցվում է շքեղ մարմարազարդ սյուներով: Նախագծի հեղինակներն ասել են, որ գերեզմանոցն  իր արտաքին տեսքով պիտի  խորհրդանշի Պալյանների ճարտարապետական վիթխարի ժառանգությունը, ինչպես նաև` արտացոլի հայ ժողովրդի կողմից Պալյանների հանդեպ տածած երախտագիտությունը:

Ինչպես հայտնի է` Պալյան ճարտարապետական ընտանիքը  Ստամբուլի ամենագեղեցիկ ու շքեղ շենքերի նախագծողն  է եղել. նրանք համարվում են «Ստամբուլը կերտած» ճարտարապետներ:

Գերեզմանոցի բացման առթիվ տեղի է ունենալու նաև գիտաժողով, որը նորովի է ներկայացնելու  Պալյանների ժառանգությունը: 

 

լուսանկարում` Դոլմաբահչեն` Օսմանյան սուլթանների պալատը, շենքի ճարտարապետներ` Պալյաններ