Ինչպես հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, շարունակվում են 18-19-րդ դարերում Օսմանյան կայսրությունում արքունի ճարտարապետներ հանդիսացած Պալյան նշանավոր տոհմի` Սկյուտարում գտնվող գերեզմանոցի վերանորոգման աշխատանքները: Այդ առթիվ օրերս Ստամբուլ է այցելել գերեզմանոցի վերակառուցման բարերարներից նախկին պոլսահայ Հրաչ Քրմզյանը` ծանոթանալու աշխատանքներին: Բարերարն ու Պոլսո ճարտարապետների ու ճարտարագետների «Հայճար» միության անդամները հայտարարել են, որ առաջիկա մայիսին պատրաստ կլինի Պալյանների տոհմական գերեզմանոցը, որը կառուցվում է շքեղ մարմարազարդ սյուներով: Նախագծի հեղինակներն ասել են, որ գերեզմանոցն իր արտաքին տեսքով պիտի խորհրդանշի Պալյանների ճարտարապետական վիթխարի ժառանգությունը, ինչպես նաև` արտացոլի հայ ժողովրդի կողմից Պալյանների հանդեպ տածած երախտագիտությունը:
Ինչպես հայտնի է` Պալյան ճարտարապետական ընտանիքը Ստամբուլի ամենագեղեցիկ ու շքեղ շենքերի նախագծողն է եղել. նրանք համարվում են «Ստամբուլը կերտած» ճարտարապետներ:
Գերեզմանոցի բացման առթիվ տեղի է ունենալու նաև գիտաժողով, որը նորովի է ներկայացնելու Պալյանների ժառանգությունը:
լուսանկարում` Դոլմաբահչեն` Օսմանյան սուլթանների պալատը, շենքի ճարտարապետներ` Պալյաններ