news.am-ը, հղում անելով թուրքական Milliyet պարբերականին, նշում է փետրվարի 6-ին Պոլսո Շիշլի թաղամասում տեղի ունեցած դաժան հանցագործությունից հետո ձերբակալած կասկածյալների անունները՝ Ա.Արթուր, Է.Արամ, Է.Սերգեյ, Բ.Մարիանա, Է.Լիդա, Բ. Նարգիզ, Մ. Արմինե, Մ.Քրիստինա։ Ստամբուլի նահանգապետը հայտարարել է, որ ձերբակալված 8 կասկածյալներից 7 Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մեկը Թուրքիայի հայ քաղաքացի:
Նշվում է նաև, որ կասկածյալներից մեկը աշխատել է տարեց ամուսիններին պատկանող ոսկու խանութում։
Ինչպես հայտնել էինք, դեպքը տեղի է ունեցել, երբ տարեց ամուսինները տանը գտնվել են միայնակ: Նրանց բնակարան են ներխուժել երեք հոգի, դաժանորեն ծեծելով կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Դեպքի մասին տեղեկացել է Դեմիրճիների տան սպասուհին, որի դռան թակոցներին տանտերերը չեն արձագանքել: Սպասուհին զանգահարել է ոստիկանություն, որն էլ, հատուկ տեխնիկայի միջոցով մտնելով բնակարան, այնտեղ գտել է մահացած տանտիրոջն ու վիրավորված տանտիրուհուն:
Դեպքը լայն քննարկման նյութ է դարձել թուրքական մամուլում:
Հաղորդվում է, որ Հակոբ Դեմիրճին Ստամբուլի «Փակ շուկայի» «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատերն էր: