Լիբանանյան «Only Lebanon» լրատվական կայքը հոդված է հրապարակել, որում հիմնավորվել է սոցիալական կայքերի հիմնախնդիրների նախարարություն ստեղծելու անհրաժեշտությունը: Հոդվածում անդրադարձ կա սոցիալական ցանցերի դրական կողմերին, որոնցից նշվել է տարբեր խնդիրների շուրջ ազատ կարծիքներ փոխանակելու հնարավորությունը, սակայն հոդվածագիրն այնուամենայնիվ նկատել է, որ սոցիալական մեդիան այսօր դարձել է այնպիսի մի ամբիոն, որի միջոցով յուրաքանչյուր մարդ, ազատ արտահայտվելով, հաճախ անտեղի ու վիրավորական գրառումներ է կատարում, ինչն էլ իր հերթին հասարակության մեջ բարոյական չափանիշների խորտակման պատճառ է դառնում:
Հոդվածագիրն իբրեւ օրինակ մատնանշել է արաբական երկրներում առկա մի երեւույթ. սոցիալական կայքերի միջոցով բազմաթիվ երիտասարդներ ենթակվում են շանտաժի, ինչն էլ շատերին դրդում է ինքնասպանության: Բերված են օրինակներ, որոնք հաստատում են սոցիալական ցանցերի գրառումների պատճառով շանտաժի ենթարկված, իսկ հետո ինքնասպանություն գործած դեպքերը:
«Ամեն ինչ դարձել է անկառավարելի՝ սոցիալական ցանցերի պատճառով, ուստի նախարարություն է պետք դաշտը համակարգելու համար»,-նշում է հոդվածագիրը, առաջարկելով, որ այն պայմանականորեն կարող է կոչվել Ֆեյսբուքի նախարարարություն: