ԱԴԻՍ ԱԲԵԲԱ-Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի «Արարատ» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Եթովպիայի հայ համայնքի թանգարանի հանդիսավոր բացումը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրող և պատմաբան Վարդգես Նալբանդյանը, ինչպես նաև դիվանագիտական ու մշակութային բազմաթիվ գործիչներ։
Տեղեկանում ենք, որ թանգարանում ներկայացված է լուսանկարչական ցուցահանդես, որը վավերագրում է Եթովպիայում հայերի շուրջ հինգդարյա ներկայությունը։ Ցուցադրությունը տարիների հետազոտությունների և պատմական փաստաթղթերի հավաքագրման արդյունքում պատրաստել է պատմաբան Վարդգես Նալբանդյանը։
Նախագիծը ֆինանսավորվել է Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության կողմից, իսկ հայ համայնքի խորհուրդն իր ներդրումն է ունեցել շենքի վերականգնման, արխիվային լուսանկարների վերականգնման և գեղարվեստական ձևավորման գործում։
«Թանգարանը երկու հնագույն ժողովուրդների կենդանի երկխոսությունն է»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ նախագծի գաղափարն առաջացել է տասնամյակների ընթացքում նվազող հայ համայնքի հիշողությունը պահպանելու մղումից։ «Սա պատասխան է այն հարցին, թե ով է հիշելու այս պատմությունը։ Եթովպիայում հայկական ժառանգության վավերագրումը դարձել էր պատմական պատասխանատվություն»։
ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է, որ հայերի ներդրումը Եթովպիայում դարձել է երկու երկրների համատեղ ժառանգության մի մասը։ Նա հայտնել է, որ թանգարանի դռները բաց կլինեն ինչպես տեղացիների, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերի համար։
Դեսպանը բարձր է գնահատել Վարդգես Նալբանդյանի հսկայածավալ աշխատանքը և հայտնել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Եթովպիայի սփյուռքի գործակալության հետ։ Նմանատիպ համաձայնագիր է նախապատրաստվում նաև Աֆրիկյան միության հետ։
Զարեհ Սինանյանն իր հերթին Եթովպիայի հայ համայնքն անվանել է Աֆրիկայում ամենաառանձնահատուկներից մեկը։ Նրա խոսքով՝ համայնքի պատմական ազդեցությունը գերազանցում է դրա թվային չափսերը, իսկ այս ցուցահանդեսը լավագույնս մարմնավորում է փոքրաթիվ համայնքի հսկայական դերը Եթովպիայի կայացման ու զարգացման գործում։

Ուշագրավ ցուցանմուշներ և «Արբա լիջոխ» (Քառասուն որբեր)
Թանգարանում ներկայացված են հայ-եթովպական պատմության կարևորագույն դրվագները։ Մասնավորապես, այցելուները կարող են տեսնել և անդրադառնալ Տիգրան Էբեյանի դերին Մենելիկ II կայսեր թագի պատրաստման գործում, ինչպես նաև Սարգիս Թերզյանի ներդրմանը զենքի ներկրման հարցում՝ 1896 թվականի Ադուայի վճռորոշ ճակատամարտից առաջ։ Ցուցադրված են նաև Ադիս Աբեբայում մինչ օրս կանգուն հայկական 22 պատմական շենքերի լուսանկարները, ավանդական տարազներ և համայնքի կողմից տասնամյակներ շարունակ օգտագործված կենցաղային իրեր։
Առանձնահատուկ տեղ է գրավում Հայոց ցեղասպանությունից հետո (1915–1923 թթ․) Եթովպիա հասած 40 հայ որբերի («Արբա լիջոխ») պատմությունը, որոնք հետագայում հիմնադրեցին Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը։ Վարդգես Նալբանդյանը, ով ինքը այդ ընտանիքների ժառանգ է, այս պատմությունը նկարագրել է իր «Ուզում եմ մեռնել դրոշը ձեռքիս» գրքում՝ նշելով, որ այն մարմնավորում է երկու ժողովուրդների խորը մարդկային հարաբերությունները։
Հայ համայնքի գործադիր խորհրդի անդամ Թամար Գևորգյանը նշել է, որ թանգարանը դեռ զարգացող նախագիծ է, և շատ ցուցանմուշներ դեռևս սպասում են իրենց հերթին։ Սա Եթովպիայի հայերի 500-ամյա պատմության առաջին համապարփակ վավերագրումն է և կարևոր քայլ՝ մշակութային ժառանգությունը գալիք սերունդներին փոխանցելու ճանապարհին։

