«Ալ-Արաբիան» հայտնում է, որ Իրաքում վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ անցկացված գեղեցկության մրցույթի հաղթողը` 20-ամյա Շայմա Քասիմը, ստիպված է թաքնվել: Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Իրաքի գեղեցկուհի ճանաչվելուց հետո Շայմա Քասիմին են զանգահարել գրոհայիններն ու առաջարկել ընտրություն կատարել մահվան ու «սեքս-ջիհադի» միջև (գրոհայինների մոտ 2013-ին ձևավորված նոր ուղղություն, ըստ որի, եթե մուսուլման կինը բավարարում է բազմաթիվ տղամարդկանց սեռական կարիքներ, ապա նա դրախտ է ընկնում):
Իրաքի նորընտիր գեղեցկուհուն գրոհայիններն առաջարկել են մեկնել իրենց ճամբարներն ու մասնակցել «սեքս-ջիհադի»: Ինչպես նշում են լրատվամիջոցները, երիտասարդ աղջիկն ու նրա հարազատներն ահաբեկված են:
Ընդամենը օրեր առաջ Իրաքում, երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ գեղեցկության մրցույթ, որին մասնակցում էր 15 աղջիկ: Մրցույթը մի քանի անգամ հետաձգվել էր` գրոհայինների սպառնալիքների պատճառով:
20-ամյա Շայմա Քասիմը, հայտարարել էր, որ ընտրվելուց հետո Իրաքի ամենագեղեցիկ աղջկա իր տիտղոսը ծառայեցնելու է երկրում կրթական ծրագրերի իրականացմանն ու զինված հակամարտության պատճառով իրենց տները լքած մարդկանց օգնելու գործին:
