image

Հորդանանի թագավորը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ

Հորդանանի թագավորը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով  այսօր  երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Այցը թագավորի առաջին այցն է Հայաստան, տեղեկանում ենք ՀՀ նախագահական նստավայրից: 

Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին:

Նախագահ Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ընթացքում: Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։

Նախագահական նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով:

Այցի շրջանակում Հորդանանի թագավորը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: