Վերջերս «Անվտանգ սնունդ» հարթակում տեղադրվել էր Իրանից ներկրված աղի տուփի լուսանկար․ աղի բաղադրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։
Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Արեւիկ Մանուչարյանն այդ առիթով հայտարարություն է արել․
«․․․Հայրենական արտադրության Էքստրա կերակրի աղը արտադրվում է Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ֊ում։
Մեր աղը մաքուր է, առանց որեւէ քիմիական խառնուրդների։ Այն ստանում ենք մաքուր աղաջրից` անօդ֊գոլորշիացման «եփովի» եղանակով։
Համաձայն ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաեւ ՄԱԿ֊ի մոնիտորինգների արդյունքներից ելնելով, Հայաստանում բնակչությանը վաճառվող կերակրի աղը պարտադիր պետք է լինի յոդացված` սա օրենք է։
Մենք աղը յոդացնում ենք կալիումի յոդատով, որը բավականին կայուն միացություն է, չի ցնդում, չի անհետանում, պահածոներն ու պանրաջուրը չի փչացնում։ Մարդու ստամոքսահյութի ազդեցության տակ կերակրի աղից անջատվում է յոդ էլեմենտը, ու այն յուրացվում է օրգանիզմի կողմից։
Չի կարելի հրաժարվել աղի օգտագործումից, այն կարգավորում է մարդկանց ու կենդանիների օրգանիզմի թթվային բալանսը, մասնակցում է նյութափոխանակության կարեւոր պրոցեսներին։ Հիշեք` ոչ թե աղի օգտագործումն է վնաս, այլ՝ նրա չարաշահումը։ Մարդկանց համար սահմանված է ամենօրյա նորմա` 5֊10գրամի չափով։ Դա ոչ թե վերցնել եւ ուտել է նշանակում, այլ այդ քանակը ձեւավորվում է նաեւ հացի, պանրի, թթուների, պահածոների, ապուրների, աղցանների մեջ եղած աղի քանակներից եւ այլն։
Հայկական աղը ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ E 536 պրեպարատը, դա կալիումի հեքսաՑԻԱՆոֆերրատն է, որն արտերկրում ավելացնում են աղին` նրա սորունությունը, արտաքին ապրանքային տեսքը եւ համային արժեքները բարելավելու համար։
Մենք դա չենք ավելացնում մեր արտադրած աղերին։
Ու նաեւ` Իրանից ներմուծվում է մեծաքանակ տեխնիկական աղ, որը Հայաստանում վերափաթեթավորում եւ հրամցնում են բնակչությանը` կերակրի աղի անվան տակ։ Եղեք ուշադիր, բոլոր տուփերի կողային հատվածում կարդացեք նշագրումները, գնեք միայն Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ նշագրումով աղը։
Ճանաչեք, օգտագործեք մերը` հայկական արտադրանքը եւ եղեք առողջ»։