Մեզ շրջապատող բնության մեջ մարդկային հոգու ճիչն է երաժշտությունը, հոգու խորքերում փոթորկվող ապրումների, հույզերի խտացումը: Եվ յուրաքանչյուր երաժիշտ դառնում է այդ ձայնի թարգմանը, օգնում, որ այն արձագանքի ունկնդրի հոգում, հուզի ու ալեկոծի, խաղաղեցնի ու հանգստություն պարգևի: Երիտասարդ երաժիշտ Մարիաննա Գևորգյանը այդ ապրումները ունկնդրին է փոխանցւմ քանոնի հնչյունների միջոցով: Նրա մատների տակ քանոնի լարերն ասես խոսում են, շունչ առնում…
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր՝ հանրապետական (2009-ին), միջազգային (2010-ին և 2011-ին) միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր, ոսկե մեդալակիր, «Բեմական հմայք» կոչմանն արժանացած Մարիաննա Գևորգյանը նշում է, որ յուրաքանչյուր գործ մեծ նվիրում է պահանջում, գրագետ ու ինքնատիպ ներկայացում:

Մարիաննա Գևորգյանը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար քանոնահարուհին է, որի գեղարվեստական ղեկավարը Սեդրակ Երկանյանն է: Քանոնահարուհին ունի իր ուրույն երաժշտական ձեռագիրը, որը երևում է իր նվագած ստեղծագործություններում: Երիտասարդ քանոնահարուհին պատմում է, որ իր կատարումից հետո շատերն են խոստովանել քանոնի հանդեպ առաջացած սերն ու հետաքրքրությունը: Եվ ավելացնում է, որ դա հատուկ է միայն խորապես ինտելեկտուալ երաժշտին: Կրկնօրինակել չի սիրում՝ ոչ միայն կյանքում, այնպես էլ արվեստում:
Մարիաննայի մատներից հնչող երաժշտությունն ինքնին բնությունն է:
Ընտանիքի դերն ու կարևորությունը ընդգծող քանոնահարուհին դեռ կնվագի իր և լսարանի համար, քանի դեռ չի թրթռացել սիրտը այն միակի համար, ում բեմից կնվիրի իր կատարումը: Եվ չի պատկերացնում, որ ընտրյալը արգելք կլինի իր գործունեությանը, քանի որ կընդունի իրեն այնպիսին, ինչպես կա:
Ըստ Մարիաննա Գևորգյանի՝ ընտանիքի սերը և ջերմությունը կարևոր են, իսկ մայրանալը՝ կարևոր առաքելություն է կնոջ կյանքում: Իսկ առայժմ իրեն կսնեն արևը, բնության ողջ համազարկն ու կյանքը, մինչև կգտնի սրտի երջանկաբեր տիրոջը:
Մայիսի 20-ին Կամերային երաժշտության տանը արվեստասերին ևս մեկ առիթ կընձեռնվի լսելու Մարիաննա Գևորգյանին և «Տաղարան» համույթին: Համերգը նվիրվելու է մեր սահմանը պահող ու պաշտպանող քաջ զինվորներին և կրելու է «Նվիրում զինվորին» խորագիրը:
Մարիամ Միրզոյան
Մարիաննա Գևորգյանի կատարումներից