image

Հայտնի քանոնահարուհին իր համերգը նվիրում է հայ զինվորներին. տեսանյութ

Հայտնի քանոնահարուհին իր համերգը նվիրում է հայ զինվորներին. տեսանյութ

Մեզ շրջապատող բնության մեջ մարդկային հոգու ճիչն է երաժշտությունը, հոգու խորքերում փոթորկվող ապրումների, հույզերի խտացումը: Եվ յուրաքանչյուր երաժիշտ դառնում է այդ ձայնի թարգմանը, օգնում, որ այն արձագանքի ունկնդրի հոգում, հուզի ու ալեկոծի, խաղաղեցնի ու հանգստություն պարգևի: Երիտասարդ երաժիշտ Մարիաննա Գևորգյանը այդ ապրումները ունկնդրին է փոխանցւմ քանոնի հնչյունների միջոցով: Նրա մատների տակ քանոնի լարերն ասես խոսում են, շունչ առնում…

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր՝ հանրապետական (2009-ին), միջազգային (2010-ին և  2011-ին) միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր, ոսկե մեդալակիր, «Բեմական հմայք» կոչմանն արժանացած  Մարիաննա Գևորգյանը նշում է, որ  յուրաքանչյուր գործ մեծ նվիրում է պահանջում, գրագետ ու ինքնատիպ  ներկայացում:  

 


Մարիաննա Գևորգյանը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար քանոնահարուհին է, որի գեղարվեստական ղեկավարը Սեդրակ Երկանյանն է: Քանոնահարուհին ունի իր  ուրույն երաժշտական ձեռագիրը, որը երևում է իր նվագած ստեղծագործություններում: Երիտասարդ քանոնահարուհին պատմում է, որ իր կատարումից հետո  շատերն են խոստովանել  քանոնի հանդեպ առաջացած սերն ու հետաքրքրությունը: Եվ ավելացնում է, որ դա հատուկ է միայն խորապես ինտելեկտուալ երաժշտին: Կրկնօրինակել չի սիրում՝  ոչ միայն կյանքում, այնպես էլ արվեստում:

Մարիաննայի մատներից հնչող  երաժշտությունն ինքնին բնությունն է:

Ընտանիքի դերն ու կարևորությունը ընդգծող քանոնահարուհին դեռ կնվագի իր և լսարանի համար, քանի դեռ չի թրթռացել սիրտը այն միակի համար, ում բեմից կնվիրի իր կատարումը: Եվ չի պատկերացնում, որ ընտրյալը արգելք կլինի իր գործունեությանը, քանի որ կընդունի իրեն այնպիսին,  ինչպես կա:

Ըստ Մարիաննա Գևորգյանի՝ ընտանիքի սերը և ջերմությունը կարևոր են, իսկ մայրանալը՝ կարևոր առաքելություն է կնոջ կյանքում: Իսկ առայժմ իրեն կսնեն արևը, բնության ողջ համազարկն ու կյանքը, մինչև կգտնի սրտի երջանկաբեր տիրոջը:

Մայիսի 20-ին Կամերային երաժշտության տանը արվեստասերին ևս մեկ առիթ կընձեռնվի լսելու Մարիաննա Գևորգյանին  և «Տաղարան» համույթին: Համերգը նվիրվելու է մեր սահմանը պահող ու պաշտպանող քաջ զինվորներին և կրելու է «Նվիրում զինվորին» խորագիրը: 

 

                                                                                   Մարիամ Միրզոյան

 

 


Մարիաննա Գևորգյանի կատարումներից