Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Երևանում՝ Նալբանդյան փողոցի վրա բացվել է «Հաֆ-հաֆիկ» շների մանկապարտեզը: Նախաձեռնության հեղինակներն այսպես են ներկայացրել իրենց կենտրոնը. «Ի ուրախություն շնիկ ունեցողների, այժմ գործում է «Հաֆ-հաֆիկ» շնիկների ժամանցի կենտրոն-մանկապարտեզը: Այստեղ Ձեր շնիկն հուսալի ձեռքերում է»: Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ մարդիկ կարող են շներին տանել իրենց կենտրոն, որտեղ կենդանիները կզբոսնեն, կսնվեն, կխաղան, կօգտվեն վարսահադար-ոճաբանի ծառայություններից, բժշկական օգնություն կստանան և այլն: Կենտրոնն առաջարկում է նաև օգնել շների համար հարսնացու կամ փեսացու գտնելու հարցում:
Դատելով էջի արձագանքներից՝ երևանցիներին ոգևորել է շների ժամանցի կենտրոնի բացումը: «Վերջապե՜ս, Երևանում էլ բացվեց նման ծառայություն»,-գրել է մի օգտատեր: Ի դեպ, շների և կենդանիների մանկապարտեզները լայն տարածում ունեն եւրոպական երկրներում: Որոշ երկրներում այդպիսի կենտրոններ են բացվում կառավարության որոշումներով և կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների օժանդակությամբ:
Ի պատասխան օգտատերերից մեկի քննադատությանը, որ շների մանկապարտեզ բացելուց առաջ երկրում այլ լուծելի հարցեր կան, կենտրոնի աշխատակիցը գրել է. «Սիրելիներս, այս նախաձեռնությունը ամենաուղղակի ձևով ուղղված է թեթևացնելու շնիկներ պահողների հոգսը, ինչպես նաև խրախուսելու ցանկացողներին՝ հետ չկանգնել իրենց տանը շնիկ խնամելու մտադրությունից: Նաև այս խնդիրը մեր հասարակության մեջ կարևոր է այնքանով, որքանով կարևոր է երեխաների և առհասարակ մարդկանց շփումն ու կապը Բնության հետ: Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունները երկրում գոյություն ունեցող վերոնշյալ բոլոր ոլորտներում առկա բացթողումների հետ կապված, բայց, ցավոք, մենք, ինչպես և դուք, լինելով շարքային քաղաքացի, իրավասու չենք լուծելու պետական մակարդակի խնդիրներ:
Լինենք հանդուրժող և սիրենք Կենդանիներին»:
«Հաֆ-հաֆիկը» նշել է նաև ծառայության գները.
ամսավճար-45000 դրամ
օրավճար - 4000դրամ
ժամավճար- 1000դրամ
«Մենք կհոգանք ձեր շների ուրախ առօրյան»,-գրում են երևանյան կենտրոնի աշխատակիցները:



Լուսանկարները՝ «Հաֆ-հաֆիկի» էջից


Շների մանկապարտեզ՝ Եվրոպայում