Երեւանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այսօր փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգ, որի ընթացքում, այլ հայտնի երաժիշտների հետ միասին ելույթ է ունենալու աշխարհահռչակ հայ ալտահարուհի,«Գրեմմիի» մրցանակակիր, ամերիկահայ Քիմ Քաշքաշյանը: Հայ երաժիշտը համարվում է աշխարհի լավագույն ալտահարներից մեկը:
Համերգի առաջին բաժնում Քիմ Քաշքաշյանը ելույթ է ունենալու դաշնակահարուհիներ Նարե Արղամանյանի, Մարիաննա Շիրինյանի, ջութակահար Անուշ Նիկողոսյանի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ, իսկ երկրորդ բաժնում նա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Շնիտկեի «Ալտի կոնցերտը»:
Երեւանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: