image

«Էրդողանը զգաց թուրք հասարակության զարկերակը և պատմական հաղթանակ գրանցեց». Արա Գոչունյան

«Էրդողանը զգաց թուրք հասարակության զարկերակը և պատմական հաղթանակ գրանցեց». Արա Գոչունյան

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ասել է, որ պատմական ձևով Թուրքիայի ներքաղաքական օրակարգի բազում հարցականները կրճատվեցին իշխող կուսակցության համոզիչ հաղթանակով, ավելին` ԱԶԿ-ն 13 տարիների իր միահեծան իշխանության ճանապարհորդության նոր սկիզբը դրեց:

«Ընտրություններից անմիջապես հետո վարչապետ Դավութօղլուն կոչ արեց հասարակությանը մի կողմ թողնել ամեն տեսակի բևեռացում, քաղաքականությունը վերադարձնել բնականոն հուն ու շարունակել երկրի երթը: Դժվարանում ենք միանշանակ արտահայտվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, առավել ևս խորհրդարանականից կտրուկ նախագահական կամ կիսանախագահական անցնելու իմաստով, քանի որ այս խնդիրը վերջին շրջանում բավականին լայն լարվածություն առաջացրեց Թուրքիայի քաղաքական կյանքում, և երբ նոր սկիզբ է դրվում, ակնկալիքները ավելի լիցքաթափման ուղղությամբ են ընթանում, դժվար թե անմիջականորեն վերընտրյալ ղեկավարությունը հետամուտ լինի այդ գործին, թեև սահմանադրության փոփոխությունները չեն բացառում երկրի ժողովրդավարական բարեփոխումները և հիմնարար ազատությունների երաշխիքները խորացնելու իմաստով:

Հետևաբար՝ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ իրենց քաղաքական կամքը պահպանում են, խորհրդարանի մյուս քաղաքական ուժերն այս ուղղությամբ կոչ են ուղղել, բայց որպես այդպիսին զուտ նախագահական համակարգին անցնելու իմաստով մի փոքր պետք է համբերել»,- մեկնաբանել է Արա Գոչունյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝  Արա Գոչունյանն  ասել է, թե էական փոփոխություններ դժվար է սպասել: «Թուրքիան շատ բարդ և ապագայում անկայուն տարածաշրջանում է` հրով և սրով շրջապատված, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի վրա, Թուրքիայի տարաձայնություններն իր արևմտյան դաշնակիցների հետ, որոշ չափով պայմանավորված էին այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

Հետևաբար՝ իշխանությունը հնարավորություն կունենա ամուր ժողովրդական հենարաններով գործելու և ավելի վճռական, արմատական տրամադրություններով առաջնորդվելու այս արտաքին քաղաքական հրատապ խնդիրների կապակցությամբ: Նայած՝ ինչպիսին կլինի տարածաշրջանի իրավիճակը, Թուրքիան պետք է ջանա դրական մասնակցություն բերել՝ միևնույն ժամանակ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելով»,- նման տեսակետ է հայտնել  Թուրքիայում բնակվող հայ խմբագիրը:

Հարցին, թե ինչպե՞ս իշխող ԱԶԿ-ն 5 անկայուն ամիսների ընթացքում կարողացավ վճռորոշ մեծամասնության հասնել խորհրդարանում, նա պատասխանել է, որ հասարակությունը հնարավորություն ունեցավ այդ ընթացքում ստեղծված մոտավոր համայնապատկերի ֆոնին կողմնորոշվելու և ևս մեկ անգամ հասկանալու, թե իսկապես ձգտածը և ցանկացածն ինչ է: «ԱԶԿ ղեկավարության բարձր արհեստավարժությունը հասարակության զարկերակը զգաց և արդյունքում ստեղծվեց մի քաղաքական համայնապատկեր, որտեղ այդ կուսակցությունը միանշանակ առաջատար դարձավ»,- ասել է Գոչունյանը:

 

 

լուսանկարը` media.am-ի