Երեկ Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած ժողովից հետո (որի ժամանակ որոշվել է պաշտոնապես դիմել Թուրքիայի պետական կառույցներին և պատրիարքական ընտրություն անցկացնելու իրավունք ստանալ) սկսեցին կրկին շրջանառվել Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուների անունները: Թեկնածուների շարքում վաղուց նշվում էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Պեգճյանի անունը: «Արևելքի» հարցին ի պատասխան, թե նա դեռ մնո՞ւմ է թեկնածուների մեջ, Գարեգին եպիսկոպոս Պեգճյանը պատասխանեց. «Այո, անշուշտ, ես թեկնածու եմ, ինչո՞ւ չէ….»:
Ըստ նրա, Պոլսո կողմից կատարված դիմումը՝ պատրիարքի ընտրություն անցկացնելու մասին, ուշացած քայլ էր, որի պատճառը, նրա խոսքերով «հայերի անհոգությունն էր, անձնական նախընտրություններ կային և այլ հարցեր, որ դեր խաղացին, և կացությունն այդպես ուշացավ, և այսօր պետք է լրացվի այդ ուշացումը»:
Գարեգին Սրբազանը նաև նշեց, որ թեև որոշումը ուշացած էր, բայց նախընտրական արշավ սկսելու համար շատ շուտ է: Մեր այն հարցին, թե ի՞նչ աշխատանք է տանում այդ ուղղությամբ, ծագումով Թուրքիայից հոգևորականն ասաց, որ իրեն Թուրքիայում ճանաչողները շատ են և ոչ մի աշխատանք առայժմ դեռ չի տանում. «Չճանաչողներն էլ ճանաչողներից թող իմանան իմ մասին»,-ավելացրեց նա:
Ամեն դեպքում, նա կարծում է, որ ինչ-որ աշխատանք կտանի, բայց՝ հիմա չէ. «Երբ որ հարցերը թեժանան»,-ասաց Գարեգին եպիսկոպոս Պեգճյանը, նշելով, որ դեռևս պարզ չէ, թե թուրքական համապատասխան կառույցները ե՞րբ կպատասխանեն հայերի դիմումին:
«Մինչև լուծվեն այդ հարցերը… Թուրքիայում այս պահին պատերազմի խնդիրներով են զբաղված: Պետք է ապրել Թուրքիայում, որպեսզի հասկանալ, որ այնտեղ «քարերը դյուրին-դյուրին չեն շարժվում»,-նշեց մեր զրուցակիցը:
Հնարավո՞ր է Պոլիս մեկնի հարցին Գերմանիայի թեմի առաջնորդը պատասխանեց, որ առջևում Նոր տարի և Սուրբ Ծնունդ է, և առայժմ այնտեղ մեկնելու ծրագիր չունի, եթե իհարկե, հանգամանքները այնպես չդասավորվեն և ընտրությունը ավելի վաղ չանցկացվի:
Խոսելով հավանական թեկնածուների մասին՝ մեր զրուցակիցը նշեց այն անունները, որոնք շրջանառվում են թե՛ մամուլում և թե՛ այս հարցով հետաքրքրվողների շրջանում.
«Տեղում Սահակ Սրբազան Մաշալյանը կա իբրև թեկնածու, կա Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, Արամ Սրբազանը անշուշտ, թեկնածու է լինելու, հավանաբար չէր ցանկանա պատրիարք ընտրվելու այս առիթը բաց թողնել:
Բայց ես ասել եմ՝ Արամ Սրբազանը պիտի հրաժարվի, որովհետև ազգային նման պաշտոնը չի կարող ստանձնել մեկը, որը նամակ է գրել Թուրքիայի նախագահին և հայտնվել խայտառակության մեջ»,-իր մրցակցի մասին ասաց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Պեգճյանը: