Բեռլինի Sofitel Berlin Kurfurstendamm հյուրանոցի համաժողովների սրահում մեկնարկել է «Իրավունքների շուրջ միավորված» (United in Rights) խորագրով համաժողովը, որին մասնակցում են Փոքր Ասիայի ժողովուրդների տասնյակ մտավորական ներկայացուցիչներ: Համաժողովը նվիրված է Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցին: Համաժողովի առաջին օրը ելույթ են ունեցել նաև հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Իր ելույթում գերմանաբնակ մտավորական, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը նշել է, որ Թուրքիան այսօր հեռու է քաղաքական հասունությունից: Ընդ որում, ըստ մտավորականի, դա վերաբերվում է Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ մտավորական, թե՛ հասարակական լայն խավերին: Նա շեշտել է, որ թուրքական իրարահաջորդ կառավարությունները շարունակել են մեկը մյուսի բնաջնջման քաղաքականությունը, փորձելով չեղյալ համարել ցեղասպանությունից հրաշքով փրկված և հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի քաղաքացիությունը, դրդել են հայերի իսլամացմանը, ինչպես նաև՝ անունների թրքացմանը, որոնց մեջ են նաև աշխարհագրական տեղանունները:
«Թուրքական բոլոր կառավարություններն անխտիր ուրանում են հայկական ցեղասպանությունը և սպառնում ու պատժում են բոլոր նրանց, ովքեր այդ մասին խոսում կամ գրում են: Թե որքան մեծ է ատելությունն ու արհամարհանքը, փաստում է այն հանգամանքը, որ թուրքական քաղաքական ղեկավարները, վիրավորական հանգամանքից ելնելով դատի են տալիս նրանց, ով փորձում է բացահայտել իր հայկական ծագումը: Պարզ երևում է, որ թուրքերի համար ամենամեծ վիրավորանքը «էրմենի» կոչվելն է: Երբ ատելությունն է տիրում, հարցը չի լուծվում տրամաբանությամբ և երկխոսությամբ»- նշել է Ժիրայր Քոչարյանը, հիշեցնելով լրագրող Հրանտ Դինքի, զինծառայող Սեւան Շահինի սպանությունները, որոնք, ըստ նրա, ընդամենը երկու օրինակ են, եւ որոնց սպանությունների հեղինակները դեռևս չեն պարզվել: Իր ելույթում գերմանաբնակ մտավորականը, մեջբերել է նաև «Ձախերի» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Սեւիմ Դաղդելենի մտահոգությունը՝ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության առումով, հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ վերջինիս համարձակ կեցվածքից ելնելով: