image

Ծերանոցում ապրող հայազգի Լեո Սարգսյանը կենդանի լեգենդ է դարձել (տեսանյութ)

Ծերանոցում ապրող հայազգի Լեո Սարգսյանը կենդանի  լեգենդ է դարձել (տեսանյութ)

Ամերիկյան ծերանոցներից մեկում տեղի է ունեցել   հայազգի ազգագրագետ և երաժշտության, մասնավորապես՝ Աֆրիկայի երաժշտության  մասնագետ Լեո Սարգսյանի մեծարման երեկոն:  «Ամերիկայի ձայնի»   ներկայացրած տեսանյութը պատմում է ծերերի տանը ապրող Լեո Սարգսյանի և նրա կնոջ` Մարիի մասին մասին: Ինչպես տեղեկացնում է ռադիոկայանը, «Ամերիկայի Ձայնում»   50 տարի աշխատած Լեո Սարգսյանը հետաքրքիր ճանապարհ է անցել,  նա  «Ամերիկայի Ձայնում» սկսել է աշխատել 1963 թվականին՝ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում ամերիկացի հանրահայտ լրագրող Էդվարդ Մուռոուի կողմից աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Էդվարդ Մուռոուն այն ժամանակ գլխավորում էր ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալությունը՝ «Ամերիկայի Ձայնի»  այն ժամանակվա ղեկավար կազմակերպությունը, և քաջատեղյակ էր Լեոյի կողմից Արևմտյան Աֆրիկայում երաժշտության ձայնագրման ուղղությամբ կատարվող հսկայական աշխատանքի մասին:
Այս առաջարկից երկու տարի անց՝ 1965 թվականին, Սարգսյանը սկսել է հեռարձակել «Աֆրիկյան երաժշտական ժամ» ամենշաբաթյա իր հաղորդումը, որի ընթացքում ներկայացնում էր Աֆրիկայի բոլոր վայրերում ձայնագրված ժամանակակից և ավանդական երաժշտությունը: Նույնիսկ 47 տարի անց այս ծրագիրը, որն «Ամերիկայի Ձայնի» եթերում ամենաերկար հեռարձակվող ծրագիրն է դարձել, պատրաստվում և Աֆրիկայում միլիոնավոր ունկնդիրների ուշադրությանն է ներկայացվում նույն ժամանակացույցով՝ ամեն շաբաթ:
Լեո Սարգսյանն իր գործունեության հիսուն տարվա ընթացքում հավաքել է Աֆրիկայի երաժշտության մի հսկա պահոց, որտեղ առկա երաժշտությունը Սարգսյանը ձայնագրել է անձամբ, ստացել կատարողներից, պրոդյուսերներից, ռադիոկայաններից կամ փոստով՝ իր հավատարիմ ունկնդիրներից: Պահոցում առկա որոշ ձայնագրություններ ձայնագրված են եղել առևտրային նպատակներով, սակայն շատ են նաև երաժշտական փառատոների, ծիսակատարությունների կամ համերգների ժամանակ ձայնագրված կատարումները:
«Ամերիկայի Ձայնում» Լեո Սարգսյանի և իր գործընկերների կողմից հավաքված նյութերի հարուստ հավաքածուի հիման վրա ստեղծվել է իր անունը կրող Աֆրիկայի երաժշտության գրադարան, որը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված Կոհեն շենքի հիմնահարկում, որտեղից գործում է «Ամերիկայի Ձայնը»: 

Լեո Սարգսյանը  և իր կինը` Մարին` Բոստոնի մոտակայքի ծերանոցներից մեկի բնակիչները, ստեղծել են արվեստի հրաշալի  մի աշխարհ` չհեռանալով հայկական արմատներից: 

Մանրամասները` «Ամերիկայի ձայնի» տեսանյութում: