Իտալիոյ Պարի գաւառի Աքուավիւա տելէ Ֆոնթի քաղաքին մէջ կայացած է երիտասարդ երաժիշտներու Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցոյթը։ Առաջին անգամ մրցոյթն այս տարի ունեցած է նաեւ մասնակից Հայաստանէն՝ Երեւանի Չայքովսքիի անուան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքեանը։
«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ 7-ամեայ հայուհին արժանացած է երիտասարդ դաշնակահարներու անուանակարգի առաջին բացարձակ մրցանակին։ Յաղթանակի առթիւ Անին շնորհաւորած է Պարիի մէջ Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսութիւնը։
«Բարիում Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսութիւնը ուրախ է կիսել Երեւանից ժամանած Մելիքեան ընտանիքի, մասնաւորապէս՝ փոքրիկ Անիի ուրախութիւնը, ով Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացած Colafemmina Piano 8-րդ մրցոյթում արժանացել է երիտասարդ դաշնակահարների անուանակարգի առաջին բացարձակ մրցանակի»,- պատուաւոր հիւպատոս Տարիօ Ռուբէն Թիմուրեանի շնորհաւորանքը հրապարակուած է հիւպատոսութեան դիմատետրի էջին:
Անին շնորհաւորած է նաեւ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի դոցենտ Իրինա Գրիգորեանը։
«Արդէն երրորդ տարին է, ինչ պարապում եմ Անի Մելիքեանի հետ, եւ նա հենց առաջին դասերից դրսեւորել է իրեն որպէս շատ երաժշտական եւ նպատակասլաց անձնաւորութիւն։ Անին տարբեր միջազգային մրցոյթներում գրաւել է ամենաբարձր տեղեր եւ հիացմունք առաջացրել պրոֆեսիոնալ երաժիշտների մօտ։ Սրտանց շնորհաւորում եմ Անիին եւ մաղթում նրան ստեղծագործական նորանոր յաջողութիւններ եւ յաղթանակներ», -ըսած է Իրինա Գրիգորեանը։