image

Սիւնիքի մէջ հայ գիւղացիներու արօտավայրերը Ատրպէյճանեան կողմի կրակի թիրա՞խ

Սիւնիքի մէջ  հայ գիւղացիներու արօտավայրերը Ատրպէյճանեան կողմի կրակի թիրա՞խ

Սիւնիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշէն գիւղեր ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանի գլխաւորած աշխատանքային խումբի 16 փետրուար 2021-ի այցը վեր հանեց բնակիչներու կեանքի, սեփականութեան ու կենսական կարեւորութեան այլ իրաւունքներու վտանգներ կամ խախտումներ: Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը:

Ան, մասնաւորապէս, նշած է. «Այցը տեղի ունեցաւ Կապանի համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանի, համայնքային այլ իրաւասու ներկայացուցիչների ուղեկցութեամբ: Այցի ընթացքում իրականացուեցին մանրամասն քննարկումներ, այդ թուում՝ առանձնազրոյցներ բնակիչների հետ, արուեցին մասնագիտական դիտարկումներ, անհատական մօտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրութիւններ:

Այցի արդիւնքերով ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրում է, որ՝

1) Կապան համայնքի գիւղերի անմիջական հարեւանութեամբ գտնուող ատրպէյճանական զինուած ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են, արւում են ինչպէս ցերեկային, այնպէս էլ գիշերային ժամերի, պարզ լսւում են գիւղերում ու առաջացնում անհանգստութիւն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Կապան համայնքի գիւղերում ատրպէյճանական կրակոցների ապացոյց Մարդու իրաւունքների պաշտպանն արդէն հրապարակել է:

Այցի յաջորդ օրը այս նոյն տեղեկութիւնները Պաշտպանի աշխատակազմի Սիւնիքի մարզային ստորաբաժանմանը հաստատել են նաեւ Ծաւ ու Ճակատէն գիւղերի բնակիչերը.

2) 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետեւանքով Ատրպէյճանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշուած գիւղերի արօտավայրերը, մասնաւոր ու համայնքապատկան վարելահողերը յայտնուել են ատրպէյճանական զինուած ուժերի նշանառութեան ներքոյ: Սա անհնար է դարձրել արօտավայրերից ու վարելահողերից օգտուելը.

3) այցի ընթացքում Շիկահող, Սրաշէն ու Ներքին Հանդ գիւղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակուել այն պահին, երբ իրենք գիւղատնտեսական աշխատանքներով զբաղուած են եղել իրենց պատկանող հողերում՝ ի հարկէ, ցերեկային ժամերի: Մի շարք դէպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաեւ թոռնիկների) հետ:

Ընդ որում, կրակոցներ արձակած ատրպէյճանցի զինուորականները գտնւում են այնպիսի (անգամ 1կք-ից քիչ) տարածութեան վրայ, որ անզէն աչքով հայ գիւղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գիւղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները:

Այս ամէնն ուղիղ վտանգներ են ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ատրպէյճանցի զինուորականները գտնւում են Ներքին Հանդ գիւղի գործող դպրոցի անմիջական հարեւանութեամբ՝ 1 քմ-ից էլ քիչ հեռաւորութեան վրայ:

Այս փաստերը հաստատուել են Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով.

4)ատրպէյճանական զինուած ծառայողների (այդ թուում՝ ատրպէյճանական դրօշների ու ցուցանակների) առկայութիւնը Կապան քաղաքից Ճակատէն ու Սիւնիքի մարզի Կապան համայնքի այլ գիւղեր տանող ճանապարհին լրջօրէն խաթարել են խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գիւղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Ըստ բնակիչների՝ ստացւում է, որ ցուցանակները կամ դրօշները բնակիչներից «պահպանելու» համար են այդ վայրերում ատրպէյճանական զինուած ծառայողներ առկայ:

Այս ամէնի պատճառով գիւղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատութիւն մեկնելը կամ վերադարձը) ստիպուած են ձեռնպահ մնալ երեկոյեան ժամերին այդ ճանապարհով երթեւեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգութեան նկատառումներից ելնելով.

5) նկարագրուածը եւս մէկ անգամ հաստատում է, որ հայկական գիւղերի անմիջական հարեւանութեամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ատրպէյճանցի զինուած ծառայողների (նաեւ դրշօներ ու ցուցանակներ) առկայութիւնը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտօրէն ոտնահարում են բնակիչների սեփականութեան իրաւունքը, այդ թուում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարաւորութիւնը, լրջօրէն վտանգում են նրանց կեանքի ու առողջութեան, ֆիզիքական ու հոգեկան անձեռնմխելիութեան եւ կենսական կարեւորութեան միւս իրաւունքները, որոնք երաշխաւորուած են միջազգայնօրէն ու ՀՀ Սահմանադրութեամբ:

Դա նաեւ խաթարում է մարդկանց, այդ թուում՝ երեխաների անվտանգութիւնն ու խաղաղ կեանքը:

Այս ամէնը տեղի է ունեցել Հայաստանի բնակչութեանն ուղղուած պատերազմի եւ ուժի ատրպէյճանական սպառնալիքների ներքոյ մեխանիքական մօտեցումներ կիրառելու, անթոյլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց յանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրաւաչափ շահերը, նրանց միջազգայնօրէն երաշխաւորուած իրաւունքները, հետեւաբար՝ իրաւունքի գերակայութեան պահանջները հաշուի առնելու.

6) Սիւնիքի մարզի Կապան համայնք 2021թ. փետրուարի 16-ի այցի ընթացքում գիւղերի բնակիչների հետ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը Կապան համայնքի ղեկավարի մասնակցութեամբ քննարկել է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են գիւղերի բնակիչների ընկերային աջակցութեան, ընկերային-տնտեսական իրաւունքների ապահովմանը: Աւանդների հատուցման գործընթացի հետ կապուած հարցեր են յատուկ քննարկուել Ներքին Հանդ գիւղում.

7) այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավարն ու համայնքային մի շարք պատասխանատուներ Մարդու իրաւունքների պաշտպանին ներկայացրեցին մանրամասն տեղեկութիւններ ինչպէս նշուած, այնպէս էլ Կապանի միւս գիւղերին վերաբերող ընկերային ոլորտի խնդիրների, նրանց կենսական պայմանների ու անվտանգութեան հարցերի վերաբերեալ:

Այցի արդիւնքներով Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կը ներկայացուեն պետական իրաւասու մարմիններին, անհրաժեշտ դէպքերում կը պահանջուեն պարզաբանումներ»: