image

Սերժ Թանգյան. «Հայաստանի բնապահպանության անկումը հայրենիքի անկումն է»

Սերժ Թանգյան. «Հայաստանի բնապահպանության անկումը  հայրենիքի անկումն է»

Armenia Tree Project-ի («Ծառատունկի հայկական նախագիծ») Լոս Անջելեսում տեղի ունեցած  ընթրիք-հանդիպմանն  իրենց մասնակցություն ու աջակցությունն են բերել «System of a down» խմբի մեներգիչ  Սերժ Թանգյանը ու կանադացի նշանավոր դերասան Դեյվիդ Ալփեյը, տեղեկանում ենք    Armenia Tree Project-ի  կայքից: Բևեռլի Հիլզում  400 հյուրի մասնակցությամբ տեղի ունեցած երեկոյին խոսվել  է զանգվածային  ծառատունկի միջոցով Հայաստանի բնապահպանական համակարգը փրկելու, դրանով իսկ` Հայաստանը փրկելու մասին:

Սերժ Թանգյանը, որ  երկար տարիներ  կանգնած է Armenia Tree Project-ի կողքին և մեծ ներդրում ունի Հայաստանում  կազմակերպության բնապահպանական   ծրագրերի իրականացման մեջ, ասել է.  «Դժվար է մարդկանց  հասցնել այն գիտակցությանը, որ Հայաստանի բնապահպանության անկումը  հայրենիքի անկումն է:  ATP-ի  կախարդական դերն այն է, որ նա ստիպում  է  մարդկանց`  հասկանալ այս իրողությունը»: Հայտնի երգիչը խոսել է ATP-ի եզակի առաքելության մասին, նշելով, որ կազմակերպությունը բնապահպանական զարթոնքի սկիզբ է դրել ոչ միայն Հայաստանի, այլև` սփյուռքահայերի գիտակցության մեջ:

Երեկոյի երկրորդ հյուրը` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Րաֆֆիի դերը ստանձնած կանադացի դերասան  Դեյվիդ Ալփեյնն   ասել է, որ  Հայաստան կատարած  այցը մեծ տպավորություն է ունեցել իր վրա և ինքը փորձում է իր աջակցությունը բերել Հայաստանի բնապահպանությանը: «Ծառ  տնկելով` մարդն արմատ է նետում  իր  հայրենի հողում»,-ասել է դերասանը:

«Ծառատունկի հայկական նախագիծ» կազմակերպության  հիմնադիրները նշել են, որ այս տարի իրենց հաջողվել է Հայաստանում տնկել հինգ միլիոներորդ ծառը:

Նախագիծը հիմնվել է 1994-ին, ամերիկահայ բարերար Քերոլին Մուգարի կողմից: Կազմակերպության երեք հիմնական ծրագրերն են` ծառատունկը, բնապահպանական կրթությունը և Հայաստանի  կայուն զարգացման ոլորտի բարելավումը: Իր ծրագրերն իրականացնելու համար «Ծառատունկի հայկական նախագիծը» հանգանակություններ  և այլ աշխատանքներ է   կատարում  սփյուռքում: