Armenia Tree Project-ի («Ծառատունկի հայկական նախագիծ») Լոս Անջելեսում տեղի ունեցած ընթրիք-հանդիպմանն իրենց մասնակցություն ու աջակցությունն են բերել «System of a down» խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը ու կանադացի նշանավոր դերասան Դեյվիդ Ալփեյը, տեղեկանում ենք Armenia Tree Project-ի կայքից: Բևեռլի Հիլզում 400 հյուրի մասնակցությամբ տեղի ունեցած երեկոյին խոսվել է զանգվածային ծառատունկի միջոցով Հայաստանի բնապահպանական համակարգը փրկելու, դրանով իսկ` Հայաստանը փրկելու մասին:
Սերժ Թանգյանը, որ երկար տարիներ կանգնած է Armenia Tree Project-ի կողքին և մեծ ներդրում ունի Հայաստանում կազմակերպության բնապահպանական ծրագրերի իրականացման մեջ, ասել է. «Դժվար է մարդկանց հասցնել այն գիտակցությանը, որ Հայաստանի բնապահպանության անկումը հայրենիքի անկումն է: ATP-ի կախարդական դերն այն է, որ նա ստիպում է մարդկանց` հասկանալ այս իրողությունը»: Հայտնի երգիչը խոսել է ATP-ի եզակի առաքելության մասին, նշելով, որ կազմակերպությունը բնապահպանական զարթոնքի սկիզբ է դրել ոչ միայն Հայաստանի, այլև` սփյուռքահայերի գիտակցության մեջ:
Երեկոյի երկրորդ հյուրը` Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում Րաֆֆիի դերը ստանձնած կանադացի դերասան Դեյվիդ Ալփեյնն ասել է, որ Հայաստան կատարած այցը մեծ տպավորություն է ունեցել իր վրա և ինքը փորձում է իր աջակցությունը բերել Հայաստանի բնապահպանությանը: «Ծառ տնկելով` մարդն արմատ է նետում իր հայրենի հողում»,-ասել է դերասանը:
«Ծառատունկի հայկական նախագիծ» կազմակերպության հիմնադիրները նշել են, որ այս տարի իրենց հաջողվել է Հայաստանում տնկել հինգ միլիոներորդ ծառը:
Նախագիծը հիմնվել է 1994-ին, ամերիկահայ բարերար Քերոլին Մուգարի կողմից: Կազմակերպության երեք հիմնական ծրագրերն են` ծառատունկը, բնապահպանական կրթությունը և Հայաստանի կայուն զարգացման ոլորտի բարելավումը: Իր ծրագրերն իրականացնելու համար «Ծառատունկի հայկական նախագիծը» հանգանակություններ և այլ աշխատանքներ է կատարում սփյուռքում: