Ռուսաստանեան կողմի նախաձեռնութեամբ՝ 3 Փետրուարին տեղի ունեցած է Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսեանի հանդիպումը Հայաստանի հանրապետութեան մօտ Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Սերկէյ Քոփիրքինի հետ։ Այս մասին դիմատետրի իր էջին վրայ գրած է ՀՀԿ-ի փոխ նախագահ՝ Արմէն Աշոտեան:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Հանդիպման ընթացքում քննարկուել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքների հետ կապուած հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սարգսեանը ռուսաստանեան կողմին շնորհակալութիւն է յայտնել ՌԴ ղեկավարութեան` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտուած հետեւողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպէս նաեւ առանձնայատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնութեան` որպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրի գործունէութեան շարունակութեան կարեւորութիւնը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թուում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրայ, վերջնական խաղաղ կարգաւորման նպատակով։
Ընթացիկ իրավիճակի քննարկման համաթեքսթում ընդգծուել է ռազմագերիների ու Ատրպէյճանում պահուող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհուած զինծառայողների մարմինների որոնման ուղղութեամբ արդիւնաւէտ ջանքերի գործադրման կարեւորութիւնը։
Դեսպանի խնդրանքով` նախագահ Սարգսեանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպէս նաեւ տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողութիւններին վերաբերող հարցերին։
Դեսպան Քոփիրքինն իր հերթին քննարկուող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրուող ջանքերը»: