image

«Քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը»

«Քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը»

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:

Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մոտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում ավելի ուժեղ և ամուր:

Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին և միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին:

Վստահ եմ, որովհետև մեր ժողովուրդն արդեն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զավակների անձնվեր ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը:

Թանկագի՛ն հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»,- ասված է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում։