«Վավերագրել նշանակում է ցույց տալ ժամանակի խնդիրները, այն, ինչն հրատապ-արդիական է, և այդ ամենը ոչ միայն պարզապես ցուցադրել կամ ներկայացնել, այլև գեղարվեստորեն ձևավորել` ցույց տալով մարդու ներաշխարհը»,- «Արևելքի» հետ զրույցում նշեց ռեժիսոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով իր՝ Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին պատմող «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմի մասին:
«Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմ-խոստովանությունը վեր է հանում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի առօրյա խնդիրներն ու հոգսերը, դժվարությունները, պայքարը, հայրենիքի, սիրելիների հանդեպ կարոտը ներքին ապրումներն ու վերջին ցանկությունը։
Ռեժիսորը նշում է, որ ֆիլմի ստեղծման վրա աշխատել են շուրջ մեկ տարի, նախապես զրուցել են մոտավորապես 30 սիրիահայի հետ, որոնցից ի վերջո ընտրվել են 2-ը ու դարձել ֆիլմի հերոսները, որոնց կյանքի պատմության վրա էլ հիմնված է ֆիլմը: Ամուսնուն կորցրած երեք երեխաների մոր ու երիտասարդի կյանքի պատմությունները՝ Հալեպում, ապա Հայաստանում ապրած օրերը, լավագույնս ներկայացնում են պատերազմի դժվարությունները հաղթահարած, հայրենիքում փրկության հույս փնտրող սիրիահայերին, որոնք սակայն, կրկին լուրջ դժվարությունների են հանդիպել իրենց իսկ հայրենիքում:
«Մարդկային կերպար ստեղծելու համար պետք է ընտրել դիպուկ մարդկանց, որ կարողանան խոսել, ու հենց այդ մեկի մասին էլ պետք է ֆիլմ նկարել: Մի կամ երկու հոգու միջոցով կարելի է ամբողջ հասարակության խնդիրը ներկայացնել, ու այս հնարքը շատ ավելի դիպուկ, ազդեցիկ ու հուզիչ է, քան ասել, թե այս տարի Հայաստանի Հանրապետություն է եկել 1000 սիրիահայ: Նման ֆիլմում կարևորն ասելիքն է, եթե այն կա, հերոսներն ընտրվում են ինքնըստինքյան»,- ասում է ռեժիսորը՝ ընդգծելով, որ ընտրված հերոսները միմյանցից տարբեր են, ունեն տարբեր ճակատագրեր, սակայն միմյանց լրացնում են, իրենց մեջ ամփոփում են ամենքին: Նրանք երկուսն էլ երկրորդ անգամ հայրենիք են կորցրել՝ նախ Արևմտյան Հայաստանը, ապա Սիրիան:
Խաչատրյանը նշում է, որ ֆիլմի երկու հերոսները հայկականության խտացում են, նրանք սիմվոլներ են, որոնք մարմնավորում են ողջ սիրահայությանը, խորհրդանշում են նրանց կրած դժվարություններն ու տանջանքները: Սիրիահայը Սիրիայում թողել է իր գերեզմանները, ավերված տները, հիշողությունները, և նրանց հայրենիքը դա է:
Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ ՀՀ եկած սիրիահայերի մեծ մասը շատ վատ պայմաններում է ապրում, ինչը մեր ողջ ժողովրդի խնդիրն է:
Ֆիլմի վերնագրին համապատասխան՝ հերոսները ֆիլմի վերջում նշում են իրենց վերջին ցանկությունները՝ «Գոնե մեկ օր գնամ մանկության, տատիս ու պապիս տան դուռը բացեմ»: «Պատերազմ չըլլայ, Մինասը դառնայ տուն»:
«Առհասարակ ո՞րն է մարդու վերջին ցանկությունը` այն, ինչը հնարավոր չէ վերադարձնել, ցանկանում ես, բայց գիտակցում, որ չի իրականանա»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Խաչատրյանը:
Գոհար Մակարյան