Միջազգային իրաւունքով արգիլուած ու որեւէ հանգամանքներու մէջ արդարացում չունեցող այս յանցագործութեան տեսակը կը շարունակէ մարտահրաւէր մնալ մարդկութեան դէմ յանցագործութիւնները կանխարգելելուն եւ պատժելուն ուղղուած միջազգային իրաւակարգի ու պետութիւններու հաւաքական պայքարին համար: Այս մասին կ'ըսուի ՄԻՊ ուղերձին մէջ՝ ուղղուած խոշտանգման զոհերու աջակցութեան միջազգային օրուան:
«Յունիսի 26-ին մարդկութիւնը նշում է խոշտանգման զոհերի աջակցութեան միջազգային օրը: Միջազգային իրաւունքով արգելուած ու որեւէ հանգամանքներում արդարացում չունեցող այս յանցագործութեան տեսակը շարունակում է մարտահրաւէր մնալ մարդկութեան դէմ յանցագործութիւնները կանխարգելելուն եւ պատժելուն ուղղուած միջազգային իրաւակարգի ու պետութիւնների հաւաքական պայքարի համար:
Անմարդկային այս յանցագործութեան զոհերին, վերապրածներին, ինչպէս նաեւ նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցութեան տրամադրումը պէտք է լինի այն պետութիւնների ուղղակի պարտաւորութիւնը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատուութիւնն այլ կերպ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտաւորութիւններ:
Չնայած բաւականին զարգացած միջազգային ու ազգային իրաւական կարգաւորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայութեանը` ժամանակակից հակամարտութիւններն ու պատերազմական գործողութիւններն էլ աւելի մեծ ու առայժմ չհասցէագրուած ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի յանցագործութիւնների համար, եւ ճշգրիտ Արցախեան 44-օրեայ պատերազմի օրինակով փաստագրուած են բազմաթիւ օրինակներ, երբ ատրպէյճանական զինուած ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանութիւնների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձեւերի են արժանացել բազմաթիւ մեր հայրենակիցներ:
Ատրպէյճանական իշխանութեան ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաեւ միջազգային պարտաւորութիւնների խախտմամբ Պաքւում պահուող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:
Այս առումով միջազգային իրաւակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայութիւնը կրում է այլ հակաամրտութիւնների շրջանակներում նման յանցանքները բնականացնելու լրջագոյն վտանգ: Ցաւօք, ուշացած հետեւութիւնները արժենում են մարդկային կեանքեր ու խեղուած ճակատագրեր:
Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձեւերի կանխարգելման ազգային մեխանիզմ` Մարդու իրաւունքների պաշտպանը մշտապէս բարձրաձայնել եւ տարեկան ու արտահերթ զեկոյցներով ու յայտարարութիւններով փաստարկուած ներկայացրել է նաեւ ոլորտի ներպետական քաղաքականութեան ու կիրառման խնդիրները:
Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձեւերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատութիւնից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպէս օրինակ` քրէակատարողական հիմնարկներում պահման անբաւարար պայմանները, բժշկական օգնութեան եւ սպասարկման թերութիւնները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից յետոյ վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայութիւնների զրոյական արդիւնաւէտութիւնը, ինչպէս նաեւ հոգեբուժական կազմակերպութիւններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:
Մարդու իրաւունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետութիւնը պէտք է յստակ քայլեր ձեռնարկի ինչպէս խոշտանգման դէպքերին արագ ու համարժէք արձագանքելու, արդիւնաւէտ քննութեան արդիւնքում մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու, այնպէս էլ երկրում խոշտանգումների արդիւնաւէտ կանխարգելման ուղղութեամբ` ներառեալ խոշտանգումներ վերապրածներին եւ նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական եւ ընկերային-վերականգնողական ծառայութիւնների տրամադրման միջոցով:
Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկուելու բացարձակ իրաւունքի խախտման հետեւանքով պատճառուած ոչ նիւթական վնասի հատուցման մեխանիզմները:
Այսօրը եւս մէկ առիթ է այս խնդիրները քննարկելու եւ հաստատութենական լուծումների հետեւից գնալու համար` համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունէութիւն ծաւալած քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ»: