image

Օբամայի քաղաքականության մեջ ոչ մի կառչելու տեղ չկա, որից կարելի է կառչել և շարունակել. ամերիկահայ գործիչ

Օբամայի քաղաքականության մեջ ոչ մի կառչելու տեղ չկա, որից կարելի է կառչել և շարունակել. ամերիկահայ գործիչ

ԱՄՆ-ում մի խումբ հայ գործիչներ ամիսներ առաջ ստեղծել են «Հայ հանրապետականների խորհուրդ» (Armenian Republican Council) կառույցը, որը հարում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության գաղափարախոսությանը և աջակցում կոնկրետ նախագահ Դոնալդ Թրամփին: Խորհրդի համահիմնադիրներից ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ հայկական կազմակերպություններն ու կառույցները միշտ Դեմոկրատական կուսակցությանն ու դեմոկրատ նախագահներին են աջակցել, որոնցից մենք՝ հայերս, փաստորեն ոչ մի օգուտ չենք ունեցել: Let America Dream Again PAC (LADA PAC) անունով հայտնի խորհուրդը հակված է հավատալու հանրապետականներին, որոնք,  ըստ մեր զրուցակցի, տրամադրված են փոխելու  ամերիկյան տնտեսությունը, քաղաքականությունը և ընդհանրապես՝ ամերիկյան վարկանիշն աշխարհում. «Թրամփը մեզ դրդեց հավատալ, որ ամերիկյան քաղաքականությունը պետք է այլևս փոխվի: Ութ տարի ԱՄՆ-ն բոլորովին այլ ուղղությամբ էր գնում, Օբամային չհաջողվեց ոչինչ փոխել: Ժողովուրդն ուղղակի զզված էր դեմոկրատներից»,-մեզ հետ զրույցում նշեց ամերիկահայ քաղաքական գործիչը,-«Ժամանակին Ջորջ Բուշին մեղադրում էին, որ ամենավատ նախագահն է, բայց այսօր վերլուծությունները ցույց են տալիս, որ Օբաման էր ամենավատ նախագահը: Եվ եթե Քլինթոնն ընտրվեր, ավելի վատ կլիներ,  երկիրը քանդման կգնար: Այո, ես կանանց հանդեպ հարգանք ունեմ, կին էլ կարող է լինել երկրի նախագահ, մեքսիկացի էլ, բայց դեմոկրատների քաղաքականությունն է, որ չեմ ընդունում,  նրանց  նպատակը լիբերալիզմն է, նրանք այդ ուղղությամբ էին գնում, ինչը սխալ էր:  

Սպիտակամորթները հանկարծ զգացին, որ երկիրն իրենց ձեռքից գնում է, երկրի  80 % ճերմակ է, բայց ասելիք չուներ,  պետության ամբողջ ուշադրությունը սևամորթների, մեքսիկացների և աղքատների վրա էր, ամերիկացիները մոռացված էին երկրում: Ինչպես ժամանակին ֆրանսիացներն ու անգլիացները եկան, հնդիկներին մոռացան, այսօր դեմոկրատներն էին ամերիկացի սպիտակամորթներին մոռացության մատնել: Եվ Ամերիկան ի վերջո արթնացավ, արթնացավ Թրամփի շնորհիվ: Գուցե Թրամփը քաղաքական գործիչ չէ,  բայց նա բիզնեսմեն է, եւ բիզնեսի օրենքներով կարող է կառավարել, ինչն իր արդյունքը կտա՝ նա, ով  իր գործը չի կարողանում անել, դուրս պիտի գա, սա՛ է բիզնեսի կանոնը, եւ պետական համակարգում  այս սկզբունքով ահագին մաքրագործումներ կլինեն»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Ըստ Վարդան Նազիրյանի, ԱՄՆ ապագայի հարցում ինքը լավատես է և հավատում է, որ երկիրն  առաջ է գնալու և աշխարհում կրկին իր դերն է ունենալու ամերիկանիզմը. «Այստեղ՝ ԱՄՆ-ում մենք գործեր կարող ենք ստեղծել, որ ոչ միայն ամերիկացիները, այլև ամբողջ աշխարհը գա, այստեղ աշխատի: Այսօր ի՞նչ ենք անում՝ ամերիկյան ընկերությունները դուրս ենք ուղարկում, միջավայրը ամբողջությամբ խախտված է: Ամերիկյան տնտեսությունը պիտի բարձրանա, ամերիկյան ապրանքը պիտի արժեվորվի, ժամանակին ամերիկյան ապրանքը, մեքենան կամ որևէ այլ ամերիկյան բան աշխարհում  մեծ վարկանիշ ուներ, ամերիկյան մեքենա քշողը կարգավիճակ էր շատ երկրներում:  Այն վիճակն է ստեղծվել, որ ժամանակին Ամերիկան է աշխարհին օգնել, այսօր ինքը օգնության կարիք ունի: Գալիս են տարբեր երկրներից, բայց այնպիսի քաղաքականություն է մշակվելու, որ ամեն մեկը չկարողանա մուտք գործել, երկրներից լավագույնները թող գան: Մեքսիկայից, օրինակ, գալիս են, մեր պարտեզներն են մաքրում, բայց այնտեղ պրոֆեսորներ, գիտնականներ կան, նրանք ինչո՞ւ չեն գալիս: Կան հարցեր, որոնք վերանայվելու են»,-մեր զրույցի ընթացքում նշեց Վարդան Նազիրյանը:  

Մեր այն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ ԱՄՆ նոր նախագահը հայերի և Հայաստանի մասին գաղափար չունի և հայության խնդիրների մասին չգիտի, ամերիկահայ գործիչը պատասխանեց. «Չեմ կարծում, որ չգիտի: Մենք տեղեկություններ ունենք, որ նրան  հայերն են ժամանակին օգնել (անուններն էլ գիտենք), նրան  նույնիսկ սնանկացումից են փրկել, եւ չեմ կարծում, թե որևէ բիզնեսմեն կյանքում մոռանա մեկին, ով իրեն օգնել է:  Հիմա այս հանգրվանում հայերի մասին խոսելն իմաստ չուներ, քանի որ նաև հայերն էլ կազմակերպված չէին, բայց հայեր կային, որ իրեն օժանդակեցին: Եվ ես ում հետ խոսում եմ, ասում են՝ Թրամփին ենք ընտրել: Իհարկե, ոչ՝ Կալիֆոռնիա նահանգում, այն միշտ էլ դեմոկրատների նահանգ է եղել: Այստեղ ինչպես է՝ հայերը երբ որ գալիս են, մի քիչ աշխատում են, դեմոկրատ են լինում,  հենց մի քիչ դրամ են ունենում, հանրապետական են դառնում»,-նշեց Վարդան Նազիրյանը, ավելացնելով,  որ ինքը հավատում է, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք հայության հանդեպ նոր քաղաքականություն է մշակվելու: «Մենք Քլինթոնի մասին արդեն գիտեինք, որ թուրքական լոբբինգի մաս է կազմում, անկարելի էր, որ նրա օրոք ցեղասպանությունն ընդունվեր, եւ եթե ընտրվեր, Հայաստանի հանդեպ հոգածությունը երկրորդական պլանում էր լինելու: Ես չեմ զարմանա, որ Թրամփի օրոք այդ ամենը փոխվի, մանավանդ, եթե Պուտինի հետ հարաբերությունները հստակեցվեն, և երկու գերտերությունները ձեռք ձեռքի տան ու աշխատեն: ԱՄՆ-ը միշտ այնպես է ներկայացնում, որ ռուսը մեր թշնամին է, բայց ոչ մի օր մենք ռուսի հետ չենք կռվել, գուցե տարբեր գաղափարախոսություններ ունեն, բայց թշնամի չեն: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միշտ ուրիշի համար են կռվել, ուրիշի հողի վրա: Պուտինն աշխատող մարդ է, փորձառություն ունի, եւ եթե նա  իր առջև աշխատող մարդ տեսնի, կհամագործակցեն:

Հույս ունեմ, որ Միջին Արևելքի հարցերում էլ ԱՄՆ ու Ռուսաստանը կհամաձայնվեն, մաքրումներ կլինեն այնտեղ: Թրամփը ոչ մի օր չի ասել, թե ինքն իսլամներին դեմ է, ինքն ասել է՝ ես ծայրահե՛ղ իսլամների դեմ եմ, իսկ դեմոկրատների համար ծայրահեղ իսլամ չկար, բոլորն իսլամ էին ու հավասար, եւ առանց ամաչելու գնացին ու Միչիգանում նրանց հետ ֆալաֆիլ կերան ու Միչիգանում էլ, ինչպես տեսաք, պարտվեցին:

Ամերիկացի ժողովուրդն այս դատարկություններից զզված է: Նոր փոփոխություններ են ուզում, մեծ տնտեսություն են ուզում, բոլորը դժգոհ են տնտեսական վիճակից:   Բոլորն ուզում են, որ Ամերիկան վերադառնա Ամերիկային՝  ազատ շուկայի, ազատ մտածելակերպի իր իմիջին: Ես երկու տարի ժամանակ եմ նշում, երկու  տարի հետո աշխարհի վրա ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ իր խոսքը կասի: Եվ չեմ բացառում, որ որոշ ուժային կառույցներ վերանան եւ աշխարհի վրա երկու ուժ մնա, մանավանդ՝ Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Ամերիկաների շրջաններում:   Չինաստանն էլ մի կողմ կմնա, և չի խառնվի: Ինչպես ժամանակին սառը պատերազմը  կար երկու երկրների միջև, այսօր նույն հաջողությամբ կարող է լինել  տաք հարաբերություն»:

Այն մեկնաբանություններին, թե Օբաման Թրամփին համոզել է շարունակել իր քաղաքականությունը, Վարդան Նազիրյանն այսպես արձագանքեց. «Օբամայի քաղաքականության մեջ ոչ մի կառչելու տեղ չկա, որից կարելի է կառչել և շարունակել: Ավանդական,  քաղաքավարական հանդիպում է եղել, ինչպես նախորդ նախագահների դեպքում, երբ նախկին ու ներկա նախագահները խորհրդակցում են, միմյանց  գաղտնիքներ են ասում, օրինակ ատոմական կոդեր կան եւ այլ գաղտնիքներ, որոնք փոխանցվում են»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ իրենց ստեղծած կառույցը մոտիկից հետևելու է հանրապետականների քաղաքականությանն ու աջակցություն է ցույց տալու: