image

Նուիրեալներ. 19-ամեայ Ժորան զոհուած է Ղուպաթլիի մէջ (Տեսանիւթ)

Նուիրեալներ. 19-ամեայ Ժորան զոհուած է Ղուպաթլիի մէջ (Տեսանիւթ)

NEWS.am-էն  կը կարդանք, թէ Հրասայլ նորոգող-մասնագէտ վարորդ Ժորա Մարտիրոսեանը սեպտեմբերին Ռուսաստանի մէջ կայացած «Կովկաս-2020» զօրավարժութեան կը մասնակցէր, երբ սկսաւ պատերազմը։ Ստորաբաժանումը Հայաստան վերադարձաւ պատերազի 5-րդ օրը՝ 2 հոկտեմբերին եւ օդակայանէն ուղղակի մեկնեցաւ մարտի դաշտ։

«Օդակայանում տեսանք, հասցրինք կարճ խօսել հետը։ Ասում էր՝ չմտածես, մամ ջան, ամէն ինչ լաւ է լինելու, չմտածես, չնեղուես․․․ Ինքը շատ հասուն էր, շատ հասուն էր դատում իր տարիքից։ Լաւագոյններից էր ծառայութիւնում»։ Որդիին հետ մայրը վերջին անգամ խօսած է 21 հոկտեմբերին․ տարօրինակաբար այդ օրը Ժորը սովորական մէկի փոխարէն զանգած է երկու անգամ․ «Սովորաբար բարձր տրամադրութեամբ էր իմ հետ խօսում, որ ոչինչ չզգացուի, ինձ ասում էր՝ առաջնագծում չեմ, թիկունքն եմ պահում, բայց դա էդպէս չէր։ Իսկ ամսի 21-ին վերջին զանգը երեկոյեան 8 անց կէս եղաւ, ու մի 10 րոպէ յետոյ նորից զանգ եկաւ՝ մամ, լա՞ւ ես։ Տարօրինակ էր էդ զանգը։ Երեւի զգում էր․․․»

Ժորան զոհուած է այդ զանգի յաջորդ օրը՝  22 հոկտեմբերին, Ղուբաթլիի մէջ։

«Իր գնալու օրը չի եղել, ինքը նոր է դիրքերից իջել, 55 հոգի պէտք է մեկնէին նորից, մի երեխու, որը մի մամա է ունեցել ու դրանից աւելի ոչինչ, իջեցրել, ինքն է նստել էդ երեխու տեղը։ Ես չգիտեմ՝ ամէն օր գալիս, էդ հարցն եմ ուզում իրեն տամ՝ ինչ կար էդ երեխէքի մէջ, ու մենակ ինքը չի, ոնց նայում ենք, բոլոր երեխէքը նոյն ձեւի են։ Վախն իր համար չէր։ Իր զինակից ընկերները, որ իրեն ճանաչել են, հետն են եղել, բոլորը նոյն բանն են ասում, որ վախ չի եղել իր մէջ։ Ոնց լսում եմ, ոնց որ նոյն արգանդից դուրս եկած լինեն էս երեխէքը»,- պատմած է տիկին Գայիանէն։

Ժորայի ընտանիքը մինչեւ անոր զինծառայութեան մեկնիլը՝ շուրջ 4 տարի, բնակած է Ռուսաստանի մէջ։ Հայաստան վերադարձած են Ժորի խնդրանքով, որպէսզի ծառայութեան մեկնի։

«Շատ էր սիրում Հայաստանը, չէր կարողանում ուրիշ տեղ մնալ»,- ըսած է մայրը։

Ժորան ծառայութենէն վերադառնալէն ետք նպատակ ունէր բարձրագոյն կրթութիւն ստանալ, մասնագիտանալ զբօսաշրջութեան ոլորտին մէջ։