image
Հրատապ լուրեր:

Վահե Փափազյանը մրցանակ է ստացել՝ 28 տարի նույն հաղորդումը հաջողությամբ վարելու համար

Վահե Փափազյանը մրցանակ է ստացել՝ 28 տարի նույն հաղորդումը հաջողությամբ վարելու համար

Թուրքիայի Star Tv-ով հեռարձակվող «Երջանկություն տանը Վահեի հետ» հաղորդման հիմնադիր, պրոդյուսեր եւ վարող, մեր հայրենակից Վահե Փափազյանը (հայտնի իբրեւ Վահե Քըլըչարսլան) մրցանակ է ստացել Թուրքիայի «Աշխարհում բարություն կա» ասոցիացիայի կողմից։ Մրցանակը նրան է հանձնվել 28 տարի նույն հաղորդումն անընդմեջ վարելու եւ հեռարձակելու համար, որի միջոցով Վահե Փափազյանն օգնել է հարյուրավոր կարիքավոր ընտանիքների՝ անվճար նորոգելով եւ կահավորելով նրանց տները։ 

Հաղորդումը բազմիցս ճանաչվել է Թուրքիայի տարվա լավագույն հաղորդում։  

Վահե Փափազյանը ծնվել է Ստամբուլում, 1966 թվականին։  Նրա արմատները հասնում են հայկական Երզնկա։ Համալսարանական ուսումը կիսատ է թողել, զբաղվել նախ բիզնեսով, ապա՝ մոդելինգով։ 1995 թվականին նա արժանացել է «Թուրքիայի տարվա լավագույն մոդել» տիտղոսին, իսկ 1997 թվականին Ռուսաստանում «Թուրքսել»-ի կազմակերպած նորաձեւության ցուցադրության ժամանակ իբրեւ մանեկեն մեկ ժամ անշարժ կանգնել է, իսկ հետագայում գերազանցել է ցուցադրության ժամանակ անշարժ մնալու համաշխարհային ռեկորդը՝  անշարժ մնալով 5 ժամ 26 րոպե։

Վահե Փափազյանը խաղացել է թատրոնում, բազմաթիվ գրքերի հեղինակ է։