image
Հրատապ լուրեր:

Հայկական երգչախումբը շարականներ է կատարելու Հռոմի Պապի համար. Լուսանկար

Հայկական երգչախումբը շարականներ է կատարելու Հռոմի Պապի համար. Լուսանկար

Ինչպես հայտնի է՝  նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Հռոմի Պապ Լեւոն XIV-ն այցելելու է Լիբանան եւ Թուրքիա։ Այցը Պապի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է։ 

«Արեւելք»-ի տեղեկություններով, Ստամբուլի  Volkswagen Arena մշակութային կենտրոնում նախատեսված Սուրբ Պատարագի ընթացքում հնչելու են հայկական շարականներ, որոնք կատարելու է հատուկ այս առիթով կազմավորված հայկական երգչախումբը։

Պոլսահայ տարբեր երգչախմբերից կազմված խումբը կոչվում է «Պոլսահայ Հավատո Երգչախումբ՝ նվիրված Նիկիո Տիեզերական Ս. Ժողովի 1700-ամյակին»։ Հռոմի Պապի այցն էլ, ինչպես հայտնի է, նվիրված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին։ 

Պոլսո Հայ Կաթողիկե համայնքի հոգեւոր պատասխանատու Գեր. Տ. Վարդան Թ. Ծ. Վրդ. Գազանճյան Գերապայծառի խնդրանքով եւ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հոր օրհնությամբ երգչախմբի հոգեւոր ղեկավար է նշանակվել  Բեյօղլուի «Ս. Երրորդություն» Եկեղեցու Քարոզիչ Հոգշ. Տ. Հարություն Վրդ. Դամադյանը:

Երգչախմբի ղեկավարությունը վստահվել է  Պոլսո «Լուսավորիչ Դպրաց Դաս» երգչախմբի ղեկավար Հակոբ Մամիկոնյանին, իսկ երգեհոնահարն է «Վարդանանց Դպրաց Դաս» երգչախմբից Լուսի Գահվեջիօղլուն:

Այս օրերին նորաստեղծ երգչախումբը փորձեր է կատարում՝ հայ հոգեւոր երաժշտությունը պատշաճ կերպով պատմական պատարագի ընթացքում ներկայացնելու համար։