image

Նորարար գրադարաններն իբրև փոփոխվող աշխարհի պատուհաններ

Նորարար գրադարաններն իբրև փոփոխվող աշխարհի պատուհաններ

«Նորարար» բառը վաղուց պատշաճորեն տեղավորվել է «գրադարան» բառի կողքին, և այսօր դժվար է պատկերացնել ժամանակակից համարվող մի գրադարան, որտեղ չի կիրառվում նորարարություն: Նորագույն գործիքների հիմնավոր ներդրման և կիրառման շնորհիվ աշխարհում գրադարանները և մշակութային, կրթական այլ կառույցներ վաղուց իրենց հրաշալի վերածնունդն են ապրում:  Այսօր Հայաստանի գրադարանային ասպարեզը նույնպես դուրս է գալիս ավանդական պատկերացումներից, հատկապես հայտնի ու մեծ գրադարանները փորձում են քայլ պահել զարգացած երկրների գրադարանների հետ՝ այս առաջընթացի մեջ ներքաշելով նաև փոքր ու հեռավոր գրադարանները: Նորարարության ճիշտ կիրառումը կարող է աներևակայելի զարգացման տանել գրադարանները՝ դրանք վերածելով ժամանակակից կենտրոնների, որտեղ հաճախելը և որի առաջարկած ծառայություններից օգտվելը պատիվ կբերի յուրաքանչյուր քաղաքացու, որը հենց միայն գրադարանում կարող է ապահովել լիարժեք տեղեկատվություն ստանալու իր սահմանադրական իրավունքը:   Այս կարծիքին է նաև  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբ Անդերսոնը, որ Ծաղկաձորում հավաքված մի խումբ հայ գրադարանավարների և գրադարանային  գործի մասնագետների պատմում էր, թե քաղաքացիական հասարակության ձևավորման գործում ինչ մեծ դեր են խաղացել գրադարաններն իր ծննդավայր ԱՄՆ-ում, և այսօր էլ նրանք այդպիսի կենտրոններ են,  կարողանում են գրավել ժողովրդավարության դերին հավատացող յուրաքանչուրի, որ կարող է այցելել գրադարան, այնտեղ ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, մասնակցել կարևոր քննարկումների, ստանալ թարմացվող գրականություն ու մամուլ, ընդհանուր առմամբ առնչվել համամարդկային արժեքներին և լինել մշտապես փոփոխվող աշխարհի մեկ մասնիկը:

Այս միտքը շարունակեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, որ նույնպես հավատում է գրադարանների դերին, իբրև քաղաքացիական հասարակություն ձևավորող կառույցների: «Մարդիկ պետք է այցելեն գրադարան, իրենց ազատ ու լավ զգան, քննարկումներ անեն, ինչը կխթանի քաղաքացիական հասարակության արժեքների տարածումը»,-ասաց փոխնախարարը, հիշեցնելով՝  Հայաստանի մշակութային օրենսդրության մեջ հստակ նշված է, որ յուրաքանչուր ոք ունի գրադարանային, թանգարանային հավաքածուներից ազատորեն օգտվելու իրավունք,  և օրենքով պատժելի են բոլոր այն դեպքերը, երբ որևէ համայնքում գրադարան կփակվի:

Գրադարանն իրավունք է, մարդու իրավունքներից մեկը, և երբ այն խլվում է, համայնքը կարող է ոտքի կանգնել և պաշտպանել այդ իրավունքը. այս միտքը հայտնեց Ծաղկաձորում «Նորարար գրադարաններ» համաժողովի կազմակերպիչ,  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, որ Հայաստանի համայնքներում ակտիվ գործող գրադարանների օրինակներ բերեց, չպատկերացնելով, թե ինչպես կարող են այդպիսիները փակվել, իսկ փակվելու դեպքում, վստահ է, որ համայնքն անպայման ոտքի կկանգնի:

Այս աշխատաժողովն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում և ավանդական դառնալու միտումներ ունի: Կրկին հավաքվել էին գրադարանային նորարարության ձգտող և արդենիսկ նորարար գործիքներ կիրառող մասնագետներ, թեև նրանցից քչաթիվներն այնուամենայնիվ ընդվզում էին այն մոտեցման դեմ, թե գրադարանները պետք է ընդլայնեն իրենց գործառույթները և չմնան զուտ գիրք սպասարկող կենտրոններ, լավագույն դեպքում՝ միջոցառում կազմակերպողներ, այլ լինեն ավելին, քան՝ կան ավանդական պատկերացումներում: Ավանդական պատկերացումներից դուրս էր նաև Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանի ձևակերպումը՝ այսօրվա գրադարանը պետք է լինի առաջանցիկ:

 


Հայաստանի Ազգային գրադարանը գրքերի, այդ թվում՝ հնատիպ գրքերի, մամուլի թվայնացված հարուստ շտեմարան ունի, որն անվճար հասանելի է  www.nla.am   կայքում և օր-օրի համալրվում է

 

Աշխատաժողովին ողջունելի էր գրադարանային գործով հետաքրքրված և իրենց գրադարաններում նորարարություն կիրառող տղամարդկանց ներկայությունը: 


ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Էլեկտրոնային գրադարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը թվայնացրել է ուսումնական անհրաժեշտ գրականություն, որն ազատ ներբեռնելի է գրադարանի կայքում՝   ijevanlib.ysu.am

 

Այսօր շատ են խոսում այն մասին, որ գրադարանները կարող են բազմապիսի ծառայություններ մատուցել, դառնալ գրավիչ վայրեր, որտեղ այցելուն իրեն կզգա ոչ միայն ընթերցող, այլև անտակ ծովում լողացող մեկը, որի առջև բացվել են  աներևակայելի հնարավորություններ:  Նա պետք է իրեն զգա այդ հնարավորություններից ազատ ու անհագ  օգտվող  մարդ: Աշխատաժողովի երկու օրերի  քննարկումների ժամանակ հաստատվեց հետևյալ միտքը՝  այն գրադարանները, որոնք այսօր թե՛ ընթերցողի, թե՛ օգտվողի համար են, ապագա ունեն: Միայն ընթերցողների համար գործող գրադարանները թերևս արխիվային գործառույթ են կատարում: Վերջում, իհարկե, բոլորը համաձայն էին սրա հետ, անվիճելի համարելով նաև այն փաստը, որ գրադարանն առանց համացանցի չի կարող նորարար կոչվել: Աշխատաժողովն իր աշխատանքը, ըստ էության, սկսեց արդեն այն պահից, երբ բոլոր մասնակիցները համոզվեցին՝ եթե գրադարանները չզինվեն ժամանակակից միջոցներով և օգտվողի հետ աշխատելու նորագույն մեթոդներով, ապա համացանցի լայն տարածման այս դարում արագ դուրս կգան մրցակցությունից, եթե չասենք՝ կփակվեն:  Քանի որ, ինչպես Ներսես Հայրապետյանը նշեց.  «Աշխարհի բոլոր գրադարանները մեկ կողմ, Google-ը՝ մեկ կողմ»: Մրցակի՞ց է արդյոք համացանցը գրադարանին, թե՞ դաշնակից: Ներսես Հայրապետյանն առաջարկեց քննարկումը սկսել հենց այդտեղից: Բազմապիսի կարծիքներ հնչեցին, արդյունքում հաստատվեց՝  թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց գրադարանային համայնքը բարյացակամորեն հակված էր համացանցն ընդունելու իբրև դաշնակից, որի ընձեռնած հնարավորությունները միայն օգուտ կարող են տալ իրենց: Նորարար գրադարանն առանց համացանցի այսօր  արդեն ոչ ոք չի պատկերացնում, նույնիսկ չի քննարկվում այդ հանգամանքը: Թվային գրքերը, առցանց սպասարկումը, որոնելի համակարգերով թվայնացված բազում լեզուներով միլիոնավոր ֆայլերը  այսօր հասանելի են բոլորին: Ընդ որում՝ դրանք ոչ միայն գրքեր են, ամսագրեր ու թերթեր, այլև՝ հնագույն ձեռագրեր, քարտեզներ, պլակատներ, ազդագրեր, երաժշտական նյութեր, տեսաֆիլմեր, համացանցի արտադրանք: Թվային գրադարանները դառնում են այդ ամեն ինչը տնօրինողներ, և Հայաստանը նույնպես գնում է թվայնացման այդ ճանապարհով: Հատկապես Հայաստանի Ազգային գրադարանի ջանքերով ստեղծվում են համահայկական թվային  հսկայական շտեմարաններ: 

Խոսելով համացանցի մասին՝ աշխատաժողովի բանախոսներն այն համոզմունքը հայտնեցին, որ նորարար գրադարանների համար առաջնային պայման է սեփական կայք ունենալը:   Բովանդակության կառավարման համակարգը (CMS) այսօր գրադարանների առաջընթացի հիմնական երաշխիքն է: Այս ծրագրերի ամբողջությունը հնարավորություն է տալիս ունենալ շարժուն վեբ կայք և մշակել ու հաճախակի թարմացնել  մուլտիմեդիա ծառայությունները:

 


Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի աշխատակից Արազ Մարկոսյանը ներկայացնում է գրադարանի կայքն ու ընթերցողի հետ առցանց կապը

 

Աշխատաժողովին մի շարք գրադարանավարներ եկել էին իրենց սեփական կայքերով, որոնք ցուցադրեցին գործընկերներին, իսկ վեբ դիզայներ Անդրանիկ Հովհաննիսյանն էլ  մյուսներին պատմեց ու ցույց տվեց, թե ինչպես կարելի է ստեղծել կայք՝ առանց խոշոր դրամական ներդրումների: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մի շարք գրադարաններ արդեն ունեն սեփական կայքերը, որոնց մեջ նրանք  աշխատաժողովի ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանի օգնությամբ թարմացումներ կատարեցին՝  տեղադրեցին ընթերցողների հետ շփվելու առցանց զրուցարաններ, սովորեցին կայքը ձևավորել լուսանկարներով,  այն կապել սոցիալական մեդիայի հետ և այլն:


Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը թվարկում է Wordpress-ի առավելությունները՝ արագ, պարզ ու արդյունավետ լինելու առումով


Քննարկում եղավ, թե ինչպիսի աներևակայելի հնարավորություն է տալիս սոցիալական մեդիան՝ գրադարաններին: Ոչ միան սեփական կայքերի, այլ նաև սոցիալական հարթակներում գրադարանների էջերի ստեղծումը, այդ էջերի ամենօրյա թարմացումները և նամակներին արագ արձագանքելու քաղաքականության որդեգրումը նորարար գրադարանի գործելաոճը պետք է լինի:  Սոցիալական հարթակները (Facebook, Twitter, YouTube, Instagram, Pinterest, VK, Reddit  և այլն)+mailing list-ը (էլհասցեների ցուցակ) այսօր հաշված վայրկյանների ընթացքում կապ  են հաստատում գրադարանների այցելուների հետ  և ներգրավում  նոր այցելուներ:  Դրանք ոչ միայն այցելուների, այլ նաև  հենց իրենց՝ գրադարարավարների միջև էլ կապ հաստատելու լավագույն միջոցներ են (ALIS էլեկտրոնային համակարգը ստեղծվել է հենց գրադարանային մասնագետներին փոստով միմյանց կապելու համար):  Այդ առումով գրադարաններին անհրաժեշտ են հանրային կապերի մասնագետներ, թվային աշխարհի գաղտնիքներին և ցանցային կապերին հասու աշխատողներ,  սոցիալական մեդիայի գործիքներին տիրապետողներ, մի խոսքով՝ համակարգչի ու համացանցի հետ գլուխ դնող մարդիկ… Մինչդեռ, ինչպես Ներսես Հայրապետյանն է նկատում, պարզ էլնամակին արձագանքելն իսկ մեր գրադարանավարներից շատերի համար խնդիր է, նրանց առօրյա չի մտել: Ահա որքան գործ կա անելու: Բայց կարելի է ուրախանալ, որ այսօրվա մեր գրադարանավարները հեռու են քսան տարի առաջվա շատ գրադարանավարներից, որոնք տաքուկ շալն ուսերին գցած շյուղերով գործում էին գրադարաններում՝ էլեկտրական վառարանի վրա հնթացս տաքացնելով հացն ու թեյը և դանդաղ վայելելով այն: Իսկ ընթերցողը կամ կգա, կամ՝ չի գա: Այո՛, եղել են այդպիսի ժամանակներ մեր գրադարանների համար…

 

                       Մարքեթինգ. իսկ ինչո՞վ են այն ուտում

 

Ծաղկաձորում հետաքրքրիր քննարկում եղավ գրադարաններում նաև մարքեթինգային գործիքներ ներդնելու մասին: Տնտեսագետ, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս Արամ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է առանց լրացուցիչ դրամական միջոցների արդիականացնել գրադարանները:  Մեր իրականության մեջ այդ մեկը անհնար է թվում, բայց պարզվում է, որ մարքեթինքը հենց անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է: Միայն թե  անհրաժեշտ են գաղափարներ և մի խումբ ոգեշնչված մարդիկ, որոնք կարճ ժամանակամիջոցում վազելով՝ մեծ արդյունքներ չեն ակնկալում,  այլ երկարաժամկետ ու փոքր քայլերով առաջ են գնում, արդյունքը նշմարելով հեռվում, այլ խոսքով՝ գրադարանային մարքեթինգ են իրականացնում:

Գրադարանային մարքեթինգը նոր հասկացություն է Հայաստանում, մինչդեռ եւրոպական շատ երկրներում, ինչպես նաև մարքեթինգային գաղափարախոսության հիմնադիր համարվող ԱՄՆ-ում մարքեթինգային գործիքների ներդրման շնորհիվ լիովին փոխվել է գրադարանային համակարգը: Աշխարհի գրադարաններն ուսումնասիրողներն արդեն զարմանքով չեն լսում նորագույն սպասարկումների, շուրջօրյա գործող գրադարանների, գրադարաններում սուշիի պատրաստման դասընթացների, գրադարանավարների պրոֆեսիոնալ երգչախմբերի, մանուկների խնամքի, անգլերենի և այլ օտար լեզուների դասընթացների, գրքերի արանքներում աճպարարություն անող արտիստների ելույթների, գրադարաններումներդրված  զբոսաշրջային ծրագրերի մասին,  որոնք մեղվափեթակների են վերածում գրադարանները: Այդպիսի գրադարանները կարող են նաև իրենց տարածքների որոշ հատվածներ ազատորեն վարձով տալ և այդ գումարները օգտագործել գրադարանի զարգացման գործում:  Նման գրադարաններում միշտ կարելի է տեսնել ժամանակի ամենանշանավոր մարդկանց, որոնք գրադարաններ են շտապում իրենց հետ կազմակերպված հանդիպումների համար, մասնակցում են տարբեր միջոցառումների,  և հենց նրանց ներկայությունն էլ գործնական ու ճարպիկ գրադարանավարին հնարավորություն է տալիս կապ հաստատել ամենատարբեր հիմնադրամների հետ, որոնք հաճույքով ֆինանսավորում են այդպիսի գրադարանները:


Երևանի Ամերիկյան անկյունի աշխատակից Լուսինե Խաչատրյանը ներկայացնում է գրադարանում կիրառվող նորություններից մեկը, որը գրավում է հատկապես երեխաներին


Հայաստանում որոշ առումներով օրինակ կարող են հանդիսանալ Ամերիկյան անկյունները, որոնք ինքնատիպ ու ժամանակակից գրադարաններ են,  իսկ նրանց իրականացրած շատ ծրագրեր կարելի է ընդօրինակել նաև այլ գրադարաններում, ինչպես օրինակ, ընթերցանության մարաթոնը, որին նույնիսկ ԱՄՆ դեսպանն է մասնակցում:     

Մարկեթինային գործիքները գրադարաններում  առավել արդյունավետ կարող է  կիրառել  թերևս  նոր և ժամանակակից կրթություն ստացած գրադարանավարը:  Իհարկե, նախկին սերնդի գրադարանավարն էլ կարող է և պետք է թարմացնի իր ուսումն ու գիտելիքները, և այդ առումով Հայաստանում հնից դեպի նոր մեծ ներգաղթ է տեղի ունենում: Շարունակական կրթությունը նորաձև է դառնում գրադարանավարների շրջանում: Ներսես Հայրապետյանն այն կարծիքին է, որ  արևմտյան հասարակարգում փառաբանված Lifelong learning-ը, նույն ինքը՝ ցկյանս ուսումնառությունը, պարզապես երկարացնում է մարդու կյանքի տևողությունը: Ահա մարքեթինգային մի հնարք-նախադասություն, որը կարող է գայթակղել շատ գրադարանավարների: 

Արամ Սիմոնյանը գրադարավարներին առաջարկեց իրենց գաղափարները գրել թղթին, նշել հստակ ժամկետներ՝ երկար ու կարճ, ժամկետների կողքին էլ՝ թվեր, մեծ ու փոքր և,  առաջնորդվելով այդ մաթեմատիկական սկզբունքով,  հիանալ արդյունքներով:

Իսկ աշխատաժողովի կազմակերպիչ Ներսես Հայրապետյանն էլ, օգտվելով առիթից, գրադարանավարների առջև կարճաժամկետ խնդիր դրեց՝ ստեղծել իրենց գրադարանների էջերը Վիքիպեդիայում:


                           Վիքին սիրում է գրադարաններ


Ազատ գիտելիքի գաղափարախոսության մասին աշխատարանի մասնակիցներին շատ հետաքրքրիր ձևով պատմեցին «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամից Վիքիակումբների ծրագրերի համակարգող Արմեն Միրզոյանն ու Վիքիմեդիա Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը: Այսօր ազատ գիտելիքի գաղափարախոսությունը արագ կերպով տարածվում է աշխարհում, մեծ ներդրումներ են կատարվում այդ ուղղությամբ, ինչը մեծ հաշվով ներդրում է ավելի լավ ու բարեկեցիկ կյանք ու ավելի ապահով աշխարհ ունենալու համար: Արմեն Միրզոյանը ցույց տվեց Վիքիպեդիայի անսպառ հնարավորությունները և պատմեց այն մեծ համայնքի մասին, որոնք այսօր այդ գաղափարախոսության հետևորդներն են:  Հայերեն Վիքիպեդիան ունի մոտ 70 հազարանոց  գրանցված անդամ, որից ակտիվ է 650 հոգին: Գրադարանավարները «ոսկե առիթ» ունեն դառնալու այդ համայնքի ակտիվ անդամներից, որովհետև ուրիշ ովքե՞ր, եթե ոչ գրադարանավարներն իրենց ձեռքի տակ ունեն գիտելիքի և ինֆորմացիայի անփոխարինելի շտեմարաններ, որոնցով կարող են ամեն օր հարստացնել Վիքիպեդիան:   

Այդ դեպքում Վիքիպեդիան թերևս հայտարարի իր նոր ծրագրի մասին՝ «Վիքին սիրում է գրադարաններ»:

Աշխատարանի մասնակիցներն արդեն Վիքիպեդիայում ստեղծել են իրենց գրադարանների մասին էջեր, նրանք խոստացել են առաջիկայում մանավանդ գրադարանային թեման առավել հարստացնել ու թարմացնել Վիքիպեդիայում: Թե չէ Ներսես Հայրապետյանը անընդհատ կհիշեցնի, որ գրադարանի մասին գրված Վիքիպեդիայի հայերեն հոդվածի հղումներից մեկը տանում է դեպի Նադեժդա Կրուպսկայայի «Գրադարանային գործի մասին» գիրքը: Իսկ դա, ինչպես հասկացաք, հարիր չէ նորարար գրադարանի գաղափարով տոգորվածներիս: 


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ավետիկ Պետրոսյանը պատմում է գրադարանավարի առօրյայում Գուգլի ամպային տեխնոլոգիաների կիրառման և անհրաժեշտության մասին

 


Ծրագրավորող Արայիկ Մանուկյանը ներկայացնում է Հայաստանի գրադարաններում ներդրված Կոհա բաց կոդերով ծրագիրը

 


Անուշ Թրվանց

Անուշ Թրվանց

Սովորել է ԵՊՀ-ում, իբրեւ լրագրող աշխատել է Հա...