Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսևորման, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և տարածման հետ:
Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները:
Թող այս օրերին հնչող բազում բարեմաղթանքները մշտապես ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նաիրուհի Ալավերդյանը 1958 թվականից եղել է Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։