Սիան Էլիաս՝ հայկական ծագմամբ նշանավոր պետական գործիչ, Նոր Զելանդիայի գերագույն դատարանի նախագահ, մաորիների իրավապաշտպան և թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը: Էլիասի մասին պատմում է barev.today-ը:
Սրբուհի Էլիասը, ով Նոր Զելանդիայում առավել հայտնի է որպես Սիան Էլիաս, ծնվել է 1949թ.-ի մարտի 13-ին Լոնդոնում: Նրա հայրը՝Մինաս Էլիասը Օսմանյան Թուրքիայից փրկված հայերի ժառանգ էր, իսկ մայրը՝ Հյուսիսային Ուելսի ուելսուհի: Հաստատվելով Օքլենդում (Նոր Զելանդիա)՝ Մինաս Էլիասը երկար տարիներ աշխատում էր որպես բժիշկ՝ վայելելով շրջապատի հարգանքն ու պատիվը:
Սիանի խոսքով՝ Մինասն անգամ 80 տարեկան հասակում քաղաքում ջենտլմենության ու պատկառանքի օրինակ էր: Միջնակարգ կրթությունը Սիանը ստացել է մասնավոր դպրոցում, իսկ 1966թ-ին ընդունվում է Օքլանդյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
«Կա մի գիծ, որ նրան ճանաչող և ոչ մեկը չի կարող վիճարկել, նա միշտ շատ զուսպ է ու քաղաքավարի: Անգամ քննադատությունների տարափի ներքո», - ասվում է New Zealand Herald թերթում:
Ավարտելով Օքլանդյան համալսարանը՝ նա շարունակում է կրթությունը Կալիֆորնիայի Ստենֆորդյան համալսարանում, որտեղ ստանում է իրավունքի ոլորտում մագիստրոսի կոչում: Մի քանի տարի անց նա սկսում է աշխատել Օքլանդի ոչ մեծ իրավաբանական ընկերությունում: 3 տարի անց նրան տեղափոխում են քաղաքի հայտնի իրավաբանական ընկերություն: Իսկ 1948թ.-ին, ստանալով Օքլանդի շրջանի՝ իրավական հարցերով հանձնակատարի պաշտոն, նա սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ և ձեռք բերում բյուրոկրատական կամայականությունների դեմ մոլի պայքարողի համբավ:
«Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ: Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով», - ասում է լրագրող Լյուկ Հարդինգը:
Իր մատուցած ծառայությունների դիմաց Սիան Էլիասը 90-ականներին պետական մեդալ է ստանում, իսկ մի քանի տարի անց դառնում Գերագույն և Վերաքննիչ դատարանի անդամ: Պետք է նշել, որ 1999թ.-ին Էլիասը առաջին կինն էր, որ զբաղեցրեց Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը: 2004 թվականից դատական բարեփոխումների արդյունքում երկրի բարձրագույն դատական մարմին է դառնում Բարձրագույն դատարանը: Այդ պահից սկսած և արդեն 16 տարի՝ Սիան Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն է: Ավելին, նա երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր էր:
«Հասարակության մեջ նա այնքան մեծ դեր է խաղում, որ ոչ միայն պարզապես գլխավոր դատավորն է, այլ բոլորի կողմից ընդունված բարձրագույն արբիտր»,-գրում է The New York Times-ը:
Էլիասն ամուսնացած է նորզելանդական արիստոկրատիայի ներկայացուցչի, երկրի ամենահարուստ մարդու՝ Հյու Ֆլետչերի հետ: Նրանք ունեն 2 որդի:
Իր հարցազրույցներից մեկում Էլիասը նշել է, որ եթե իր ընտանիքում հայկական ինքությունը չլիներ, նա չէր հասնի նման բարձունքների:
Այսօր, շնորհիվ իր գործերի, Էլիասը բարիդրացիական վերաբերմունք է ձևավորել նորզելանդացիների շրջանում ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ:
Պատրաստեց` ankakh.com-ը