«Հայրենիքի փրկութեան շարժումը» յայտարարութիւն տարածած է, որուն մէջ ըսուած է.
«Հայրենակիցնե՛ր,
Արդէն տեւական ժամանակ է՝ Հայրենիքի փրկութեան շարժումը տարատեսակ բողոքների եւ քաղաքացիական անհնազանդութեան ակցիաների, հանրահաւաքների, իրաւական եւ քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղէտի հասցրած իշխանութեան դէմ։
Այս ընթացքում մեզ յաջողուել է ձեւաւորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թէեւ դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցութեան տակ տեղի է տալիս:
Հասարակութեան եւ քաղաքական բոլոր ուժերի համար արդէն ակնյայտ է, որ առանց առկայ ճգնաժամի յանգուցալուծման հնարաւոր չէ Հայաստանի զարգացումը, աւելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:
Միաժամանակ ակնյայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անյարմարութիւններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենեւին Շարժման նպատակը չէ:
Ելնելով վերը նշուածից՝ Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդը պայքարի ներկայ շրջափուլում որոշել է.
1. Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողութիւնների աշխարհագրութիւնն ու մարզերի բնակչութեան ընդգրկուածութիւնը:
2. Հանրային ճնշման պահպանման եւ Շարժման հետագայ գործողութիւնների համակարգման նպատակով Դեմիրճեան փողոցում տեղակայուած վրանային ճամբարը յայտարարել Շարժման շտաբ:
3. Վերականգնել Բաղրամեան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծուած անյարմարութիւնը:
Շարժման հետագայ անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամեան-Դեմիրճեան փողոցներում հրաւիրւում է համապետական հանրահաւաք:
Հայրենակիցնե՛ր,
Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են:
Պայքարելու ենք եւ յաղթենք։
Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդ
23.03.21թ.»: