image

Այսօր Ս․ Հովհան Օձնեցու հիշատակության օրն է

Այսօր Ս․ Հովհան Օձնեցու հիշատակության օրն է

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Ըստ «Հայսմավուրքի»՝ ապրիլի 17-ը Ս․ Հովհան Օձնեցու հիշատակության օրն է։ Նա Հայոց Եկեղեցու նշանավոր եւ հրաշագործ հայրապետներից է, աստվածաբան, կանոնագետ, շարականագիր, դիվանագետ, ազգային-եկեղեցական գործիչ, որին Կիրակոս Գանձակեցին բնութագրում է որպես «այր իմաստասէր եւ սուրբ, եւ վայելուչ հասակաւ մարմնով, եւ հոգւով եւս առաւել գեղեցիկ»:

Օձնեցու գործունեության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում «Կանոնագիրք Հայոց»-ի կազմումն ու «Գիրք թղթոց» դավանաբանական ժողովածուի խմբագրումը: Լինելով իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից` նա ոչ միայն գրել է բազում երկեր, այլ նաեւ պատվերներ տվել ուրիշներին. նրա պատվերով Գրիգորիս Արշարունին գրել է «Մեկնութիւն ընթերցուածոց»-ը: Բազմաժանր է նրա մատենագրական ժառանգությունը՝ աստվածաբանական-դավանաբանական, ծիսապաշտամունքային երկեր, ճառեր, շարականներ եւ այլն։ Օձնեցին զբաղվել է նաեւ թարգմանություններով եւ շինարարական գործունեությամբ:

Օձնեցին իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում անտեղիտալի պայքար է մղել քաղկեդոնականության դեմ` պաշտպանելով մեր հավատքի հորից` Ս. Գրիգոր Լուսավորչից մեզ փոխանցված ուղղափառ հավատքը: Մահացել է 728 թ․ եւ թաղվել Արդվիի Ս. Հովհաննես կամ Սրբանես եկեղեցու բեմի առջեւում: Թող Ս․Հովհան Օձնեցու բարեխոսությունը միշտ մեզ հետ լինի․ ամեն։