Ստամբուլում տպագրվել է հայ նշանավոր բժիշկ, հայագետ ու պատմաբան Վահրամ Թորգոմյանի հուշագրությունը՝ «Անցուկը մոռցուկ. պոլսահայ մտաւորականի մը ուղին՝ Սկիւտարէն Փարիզ» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք «Արաս» հրատարակչությունից, որն էլ լույս է ընծայել այս արժեքավոր գիրքը՝ պոլսահայոց հասարակական, մտավորական ու եկեղեցական կյանքին վերաբերող եզակի աշխատությունը: Ապրելով Փարիզում` Թորգոմյանն իր հուշերում մեծ տեղ է տվել նաև փարիզյան կյանքին, այնտեղի հայկական համայնքին:
Վահրամ Թորգոմյանը պոլսահայ մտավորականության կարևոր անուններից է. իբրև բժիշկ նա համբավ էր վայելում ոչ միայն հայության մեջ, այլ նաև՝ պալատական շրջանակներում: Ծնվել է Պոլսում՝ 1858-ին, մասնագիտական կրթությունը ստացել է Փարիզում։ 1884 թվականին ավարտել է Փարիզի համալսարանը, վերադարձել ծննդավայր և իր բժշկական գործունեությանը զուգընթաց մասնակցել հասարակական, մշակութային կյանքին։
Եղել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական ընկերության փոխնախագահ (1884), Հիգիենայի բարձրագույն խորհրդի անդամ: 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ: Եղել է Ռումինիայի բժշկա-պատմաբանների ընկերության պատվավոր անդամ, արժանացել Ֆրանսիայի կառավարության «Officier d'Académie» կոչմանը:
1880-ականների վերջերից հրատարակել է գրքույկներ, հիմնականում՝ դպրոցական բժշկության հետ կապված հարցերի մասին։ Մահացել է 1942-ին, Փարիզում, հուշագրությունն ավարտել է մահվանից մի քանի ամիս առաջ:
Վահրամ Թորգոմյանի գրքերից մեկի ընծայաթերթը. պատմաբան-բժշկի գրքերի ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի Ազգային գրադարանի «Հայ գիրք» շտեմարանում՝ https://bit.ly/31p0mY8
Մոտ երեք հատորանոց ընդարձակ ծանոթագրություններով հրատարակել է Երեմիա Չելեպիի «Պատմություն Ստամբոլա» չափածո երկը, որի Ա հատորը (տեքստը և ծանոթագրություններ), լույս է տեսել Վիեննայում՝ 1913 թվականին, իսկ Բ և Գ հատորները Մեծ եղեռնից հետո՝ դարձյալ Վիեննայում։ Դեռևս 90-ականներից պարբերական մամուլում, հատկապես Վիեննայի «Հանդես ամսօրյայում» լույս է ընծայել բազմաթիվ հետազոտություններ հայ բժշկության առանձին հարցերի և հայ հին բժիշկների մասին։
Թուրքիայում քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, շարունակել բանասիրական աշխատանքը։ Ուսումնասիրել է Վենետիկի Մխիթարյանների հարուստ մատենադարանը, Փարիզի Ազգային մատենադարանի բժշկական ձեռագրերը և «Բազմավեպում» հրատարակել մի ընդարձակ հոդվածաշար։ Թորգոմյանի հոդվածներից թվայնացրել է Հայ Մատենագրութեան թուանշանային գրադարանը (https://bit.ly/34s2a4d):
Իր երկարամյա բանասիրական գործունեության ընթացքում տպագրել է շուրջ հարյուր աշխատություն, որոնք փաստական հարուստ նյութ են պարունակում հասարակական մտքի պատմության մասին:
Վահրամ Թորգոմյանը եղբոր հետ. Լուսանկարիչ՝ Հակոբ Սեմերջյան, լուսանկարը՝ «Հայ լուսանկարիչներ» պատկերագրքից (կազմող՝ Վահան Քոչար):
«Անցուկը մոռցուկ. պոլսահայ մտաւորականի մը ուղին՝ Սկիւտարէն Փարիզ» գիրքը կազմել և խմբագրել է հայագետ, գրականագետ Սևան Դեյրմենջյանը՝ հիմնվելով Թորգոմյանի հուշերի ֆրանսերեն թարգմանության վրա, որ կատարել է Թորգոմյանի թոռը՝ Սիմոն Դընի-Թորգոմյանը: Դեյրմենջյանը նաև հայերեն գրքի առաջաբանի հեղինակն է:
Վահրամ Թորգոմյանի հուշագրությունը պահպանվում է Երևանի Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում, իսկ մինչ այդ պահվել էր Փարիզի Նուբարյան Մատենադարանում: Նրա հուշերից առանձին հատվածներ լույս են տեսել մամուլում, «Արասի» տպագրած գիրքը գրող-պատմաբանի հուշագրության ամբողջական տարբերակն է, որ լույս է տեսնում առաջին անգամ:
Այս գրքում ամփոփված է նաև հեղինակի վկայագրությունը՝ հրադադարի տարիներին Պոլսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ իր շփումների մասին:
Գրքի վերջում զետեղված է Վահրամ Թորգոմյանի մատենագիտությունը, որ նույնպես պատրաստել է Սևան Դեյրմենջյանը:
«Անցուկը մոռցուկ» գիրքը հրատարակվել է Սկյուտարի Ս. Խաչ-Դպրեվանք վարժարանի խնամակալության մեկենասությամբ:
Գրքի շապիկին՝ Թորգոմյանների ընտանիքը (ձևավորումը՝ Մելիսա Արսենյանի)