image

Անցուկը մոռցուկ. Լույս է տեսել նշանավոր բժիշկ-պատմաբանի հուշագրությունը

Անցուկը մոռցուկ. Լույս է տեսել նշանավոր բժիշկ-պատմաբանի հուշագրությունը

Ստամբուլում տպագրվել է հայ նշանավոր բժիշկ, հայագետ ու պատմաբան Վահրամ Թորգոմյանի հուշագրությունը՝ «Անցուկը մոռցուկ. պոլսահայ մտաւորականի մը ուղին՝ Սկիւտարէն Փարիզ» խորագրով:  Այս մասին տեղեկանում ենք «Արաս» հրատարակչությունից, որն էլ լույս է ընծայել այս արժեքավոր գիրքը՝ պոլսահայոց հասարակական, մտավորական ու եկեղեցական կյանքին վերաբերող  եզակի աշխատությունը: Ապրելով Փարիզում` Թորգոմյանն իր հուշերում մեծ տեղ է տվել նաև փարիզյան կյանքին, այնտեղի հայկական համայնքին: 

 

 

 

 

Վահրամ Թորգոմյանը պոլսահայ մտավորականության կարևոր անուններից է. իբրև բժիշկ նա համբավ էր վայելում ոչ միայն հայության մեջ, այլ նաև՝ պալատական շրջանակներում:  Ծնվել է Պոլսում՝ 1858-ին, մասնագիտական կրթությունը ստացել է Փարիզում։ 1884 թվականին ավարտել է Փարիզի համալսարանը, վերադարձել ծննդավայր և իր բժշկական գործունեությանը զուգընթաց մասնակցել հասարակական, մշակութային կյանքին։

Եղել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական ընկերության փոխնախագահ (1884), Հիգիենայի բարձրագույն խորհրդի անդամ: 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ:  Եղել է Ռումինիայի բժշկա-պատմաբանների ընկերության պատվավոր անդամ, արժանացել  Ֆրանսիայի կառավարության «Officier d'Académie» կոչմանը:

1880-ականների վերջերից հրատարակել է գրքույկներ, հիմնականում՝ դպրոցական բժշկության հետ կապված հարցերի մասին։ Մահացել է 1942-ին, Փարիզում, հուշագրությունն ավարտել է մահվանից մի քանի ամիս առաջ: 

 

Վահրամ Թորգոմյանի գրքերից մեկի ընծայաթերթը.  պատմաբան-բժշկի գրքերի  ոչ ամբողջական ցանկը՝  Հայաստանի Ազգային գրադարանի «Հայ գիրք» շտեմարանում՝   https://bit.ly/31p0mY8

 

Մոտ երեք հատորանոց ընդարձակ  ծանոթագրություններով հրատարակել է Երեմիա Չելեպիի «Պատմություն Ստամբոլա» չափածո երկը, որի Ա հատորը (տեքստը և ծանոթագրություններ), լույս է տեսել Վիեննայում՝ 1913 թվականին, իսկ Բ և Գ հատորները Մեծ եղեռնից հետո՝ դարձյալ Վիեննայում։ Դեռևս 90-ականներից պարբերական մամուլում, հատկապես Վիեննայի «Հանդես ամսօրյայում» լույս է ընծայել բազմաթիվ հետազոտություններ հայ բժշկության առանձին հարցերի և հայ հին բժիշկների մասին։

Թուրքիայում քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, շարունակել բանասիրական  աշխատանքը։ Ուսումնասիրել է Վենետիկի Մխիթարյանների հարուստ մատենադարանը, Փարիզի Ազգային մատենադարանի բժշկական ձեռագրերը և «Բազմավեպում» հրատարակել մի ընդարձակ հոդվածաշար։ Թորգոմյանի հոդվածներից թվայնացրել է Հայ Մատենագրութեան թուանշանային գրադարանը (https://bit.ly/34s2a4d)

Իր երկարամյա բանասիրական գործունեության ընթացքում տպագրել է շուրջ հարյուր աշխատություն, որոնք փաստական հարուստ նյութ են պարունակում հասարակական մտքի պատմության մասին: 



Վահրամ Թորգոմյանը եղբոր հետ. Լուսանկարիչ՝ Հակոբ Սեմերջյան, լուսանկարը՝  «Հայ լուսանկարիչներ»  պատկերագրքից (կազմող՝ Վահան Քոչար): 


«Անցուկը մոռցուկ. պոլսահայ մտաւորականի մը ուղին՝ Սկիւտարէն Փարիզ» գիրքը կազմել և խմբագրել է հայագետ, գրականագետ Սևան Դեյրմենջյանը՝ հիմնվելով Թորգոմյանի հուշերի ֆրանսերեն թարգմանության վրա, որ կատարել է Թորգոմյանի թոռը՝ Սիմոն Դընի-Թորգոմյանը:  Դեյրմենջյանը նաև հայերեն գրքի առաջաբանի հեղինակն է: 

Վահրամ Թորգոմյանի հուշագրությունը պահպանվում է Երևանի Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում, իսկ մինչ այդ պահվել էր Փարիզի Նուբարյան Մատենադարանում: Նրա հուշերից առանձին հատվածներ լույս են տեսել մամուլում,  «Արասի»  տպագրած գիրքը  գրող-պատմաբանի հուշագրության ամբողջական տարբերակն է, որ լույս է տեսնում առաջին անգամ:   

Այս գրքում ամփոփված է նաև հեղինակի  վկայագրությունը՝  հրադադարի տարիներին Պոլսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ իր շփումների մասին:

Գրքի վերջում զետեղված է  Վահրամ Թորգոմյանի մատենագիտությունը, որ նույնպես պատրաստել է Սևան Դեյրմենջյանը:  

«Անցուկը մոռցուկ» գիրքը հրատարակվել է  Սկյուտարի Ս. Խաչ-Դպրեվանք վարժարանի խնամակալության մեկենասությամբ: 

 

 


Գրքի շապիկին՝ Թորգոմյանների ընտանիքը (ձևավորումը՝ Մելիսա Արսենյանի)