Վերջերս Սամցխե-Ջավախքի հայության խնդիրներով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հանդիպել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ նույն գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ:
Էդուարդ Այվազյանը «Արևելքի» հետ զրույցում մանրամասնեց, թե հատկապես հայությանը հուզող ինչ խնդիրներ են քննարկվել հանդիպման ժամանակ, նշելով, որ հայության խնդիրներով այլ հանդիպումներ այլ կազմակերպությունների հետ էլ են տեղի ունեցել, որոնցից մեկը՝ վերջերս USAID-ի Ժողովրդավարական Ներգրավածության կենտրոնում, որին Թբիլիսից մասնակցել է մարդու իրավունքների հարցերով կառավարությանը կից կազմակերպության ներկայացուցիչը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Ցքիտիշվիլին. վերջինս խորհրդարանում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կրկին արծարծվել են Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները, մաքսատան որոշ աշխատակիցների խտրական վերաբերմունքը հայերի հանդեպ, որոնք Էդուարդ Այվազյանը որակեց իբրեւ մարդու իրավունքների խախտումներ: Մեր տեղեկություններով մաքսատան աշխատակիցները ծաղրում են այն հայերին, որոնք վրացերենին լավ չեն տիրապետում եւ տեղյակ չեն իրենց իրավունքներից: «Հատուկ շեշտվել է հայերեն գրքեր եւ մամուլ տեղափոխելու խնդիրը, որին բախվում են հայերը: Համեմատության կարգով նշեցինք, որ սահմանից փաստորեն չի կարելի հայկական գիր-գրականություն անցկացնել, բայց Թուրքիայից ծաղկած խաչով կոշիկներ կարելի է ներկրել»,-նշեց մեր զրուցակիցը:
Քննարկման ընթացքում տեղի ունեցածը որակվել է կրոնական իրավունքների մասսայական խախտում եւ հայկական կողմը սպասում է, որ համապատասխան մարմինները քայլեր կձեռնարկեն խաչն անարգող կոշիկների ներկրումն արգելելու, իսկ հայկական գիր-գրականության անարգել անցկացման համար պայմաններ ստեղծելու համար:
Խոսվել է նաեւ այն մասին, որ խնդիրների են հանդիպում այն հայ գործարարները, որոնք ակտիվ հասարակական դիրքորոշում ունեն, օգնում են եկեղեցուն եւ այլ գործունեություն են իրականացնում, ինչի պատճառով հանիրավի տուգանվում են: «2011 թվականին, երբ կաթողիկոսներն այցելեցին Սամցխե-Ջավախք, նրանց հետ հանդիպողների շարքում կային գործարարներ, որոնք բավական ակտիվ էին: Կաթողիկոսների այցից ընդամենը երկու շաբաթ անց հասարակական դիրքորոշում ունեցող ակտիվ գործարարներին տուգանեցին»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ շատ հաճախ տուգանքները օգտագործվում են որպես մարդկանց վախեցնելու եւ զսպելու միջոց:
Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց Էդուարդ Այվազյանը, քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ խնդիրները, որին բախվում են հայերը Վրաստանում, նախորդ իշխանությունների ժամանակվա համեմատ մի փոքր նվազել են, սակայն ընդհանուր առմամբ հայերը մեծ փոփոխություններ են սպասում իրենց խնդիրների հարցում: Վրացական կողմը հայտնել է, որ թեեւ լսել է հայության խնդիրների մասին, բայց մանրամասներին տեղյակ չէ: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները խոստացել են իրենց ունեցած փորձի սահմաններում լուծումներ գտնել քննարկված հարցերի ուղղությամբ: «Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնական ջանքերով աշխատել բոլոր կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ»,-նշեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրենը: