Օսմանյան շրջանում մեծ հռչակ վայելող հայ ոսկերիչների մասին բազմիցս ենք լսել:
Ցեղասպանությունից հետո աշխարհի չորս կողմն արտագաղթած հայ արհետսավորները շարունակում էին այս բազմադարյա ավանդույթները սփյուռքի տարբեր գաղթօջաներում, և ոչ միայն…
Օսմանյան կայսրության փլուզումից հետո էլ Կ.Պոլսում և մի քանի այլ քաղաքներում հայ ոսկերիչ վարպետները շարունակեցին դարեր շարունակ սերնդե սերունդ իրենց փոխանցված ավանդույթները ապրեցնել ու զարգացնել ոլորտը: Անշուշտ, 1942 թ.-ին քրիստոնյաների հանդեպ կիրառվող հարկային դաժան քաղաքականությունն ու բազմաթիվ պոլսահայերի սննկացումն ու արտագաղթը չէր կարող իր դերը չխաղալ նաև այս հարցում: Սակայն հայ արհեստավորների տեղերն իրենց ‘’դուքյաններում’’ երկար ժամանակ թափուր չմնացին:
Շատ շուտով Ստամբուլի հայերին փոխարինելու եկան Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից դեպի արևմուտք արտագաղթող գավառահայերը: Բիթլիսից, Սասունից, Սեբաստիայից, Մարդինից այլ գավառներից Կ.Պոլիս գաղթած ու մեծ քաղաքում իր տեղը գտնել փորձող հայությունը շատ արագ սկսեց յուրացնել արծաթագործության,ոսկերչության և այլ արհեստներ: Դեռևս երկրից դուրս չեկած ու իրենց բիզնեսը քիչ թե շատ ոտքերի վրա պահել հաջողացրած պոլսահայ վարպետները իրենց թևի տակ առնելով գավառահայ նորեկներին` սովորեցրեցին այս արհեստը վերջիններիս: Շատ ժամանակ չանցած հայկական ոսկերչական ավանդույթները Թուրքիայում կրկին նոր զարգացում ապրեցին և մեծ թափով շարունակեցին մեկը մյուսի ետևից ավելանալ հայերի կողմից նոր հիմնադրվող ոսկերչական ապրանքանիշերի թիվը:
Թուրքիայում ‘պետական արվեստի գործչի’’ կոչում ստացած հայտնի հայ ոսկերիչ Վիկտոր Օջալը նույնպես 1960-ականների վերջին Մոտկան գավառի Նիչ գյուղից Ստամբուլ տեղափոխված ընտանիքի զավակ է:
Թուրքիայում ոսկերչական բնագավառում մի շարք նորամուծությունների հեղինակն է և ոլորտի անվիճելի առաջատարներից մեկը:
Իր հավաքածուներով բազմաթիվ արտասահմանյան ցուցահանդեսերի մասնակցած Վիկտոր Օջալը Թուրքիայում առաջինն է մշակել ‘’ ընտանեկան խորհրդանիշեր’’ տեխնոլոգիան, որը մեծ արձագանքներ է գտել սպառողների շրջանում:
Ծնունդով Սասունի Կուսգետ գյուղից Մուրադ Շարքլըն պատմում է, որ ոսկերչությամբ սկսել է զբաղվել 1980թ.-ից, իսկ իրենց ընտանեկան «Շարքլը» ապրանքանիշը,որը տարիների ընթացքում իր ուրույն ու անփոխրինելի տեղն է զբաղեցրել Ստամբուլում ոսկերչական ֆիրմանեի շրջանում, հիմնադրվել է 1990թ.-ին:
Մուրադը պատմում է, որ վերջին տարիներին ոսկերչական արհեստի ավանդույթները զգալի անկում են ապրել Կ.Պոլսի հայության շրջանում և այժմ արդեն այս արհեստով ավելի շատ թուրքերն են զբաղվում: Ըստ նրա` երկու սերունդ անց հայ ոսկերիչ գտնելը Ստամբուլում այլևս այդքան էլ հեշտ չի լինի:
Բազմադարյա ավանդույթը` վերացման եզրին
Ներկայումս Կ.Պոլսի «Փակ շուկա»-ում (Քափալը չարշը ), որտեղ կենտրոնացած են քաղաքի ոսկերիչների և արծաթագոծների մեծ մասը, աշխատում են մոտ երկու հազար հայ ոսկերիչ, իսկ հայերին պատկանող ոսկերչական ապրանքանիշերի թիվը անցնում է հազարը: Հայ ոսկերիչ վարպետներն աշխատում են թե հայկական և թե թուրքական ոսկերչական կազմակերպություններում: Ի հարկե բացի նրանցից կան նաև բազմաթիվ կրոնափոխ հայեր, որոնք աշխատում են թե սեփական ֆիրմաներում և թե այլ ապրանքանիշերի համար: Սակայն այս վարպետների թիվը հայտնի չէ:
Քիչ չեն նաև հայերի կողմից հիմնադրված ֆիրմաների ներսում աշխատող մահմեդական թուրք քուրդ և արաբ վարպետները, որոնք վերջին շրջանում արդեն մեծամասնություն են կազմում, իսկ նրանց այս արհեստը սովորեցնող հայերը ` փոքրամասնություն:
Այո,ներկայումս Ստամբուլի «Փակ շուկա»-ում աշխատող ոսկերիչների միայն մոտ քսան տոկոսն են հայ: Ինչո՞վ է պայմանավորված հայ վարպետների դիրքերի այսպիսի թուլացումը մի ոլորտում, որի մեջ դարեր շարունակ հանդիսացել են բացարձակ առաջատար:
Սա կարելի է կապել միանգամից մի քանի հանգամանքի հետ.
Նախ և առաջ նախկինում հայ վարպետները այս արհեստը սկզբունքայնորեն չեն փոխանցել օտարներին և միայն հայ աշակերտներ են ընդունել իրենց «դուքյանները»: Մինչդեռ վերջին մի քանի տասնամյակներում այս ավանդույթը այլևս չշարունակվեց: Ավանդույթը խախտվելուն պես, թուրքերից ընդհամենը երկու երեք տասնամյակ պահաջվեց որպեսզի քանակապես գերազանցեն հայերին այս ոլորտում: Սակայն կա մեկ նրբություն. քանակապես գերազանցելով արդյո՞ք հաջողվեց հայ վարպետներին գերազանցել նաև որակապես:
Կարող ենք փաստել, որ անկախ ամենից հայկական ապրանքանիշերը չեն կորցնում իրենց մշտական հաճախորդներին և հավատարիմ մնալով իրենց ոճային առանձնահատկություններին` համառորեն պահում են իրենց ուրույն տեղը ոլորտում:
Հայ ոսկերիչների քանակի նվազումը կարելի է կապել նաև այն հանգամանքի հետ,որ իրականում վերջին տարիներին առհասարակ նոսրացել է Կ.Պոլսի հայ համայնքը: Ստամբուլից դեպի Եվրոպա և ԱՄՆ հայերի արտագաղթը ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում վերջին տարիներին: Այսինքն` նվազել է ոչ միայն «Փակ շուկա»-ում հայ ոսկերիչների,այլև հայկական վարժարաններում հայ աակերտների քանակը և այլն:
Եվ վերջինը` Թուրքիայում հայ երիտասարդները վերջին շրջանում ավելի հաճախ նախընտրում են գնալ ոչ թե «Փակ շուկա» աշխատելու, այլ ` համալսարան կրթություն ստանալու: Եվ քանի որ երիտասարդ սերունդն այսօր սկսեց նախապատվություն տալ բարձրագույն կրթությանն ու գիտությանը (ինչն իրենց թույլ տալ չէին կարող նրանց` Արևմտյան Հայաստանի գավառերից Կ.Պոլիս եկած ծնողներն ու տատիկ-պապիկները), ներկա փուլում արհեստները կամաց կամաց դուրս են մղվում:
Սոֆյա Հակոբյան
Հ.Գ. Նյութի պատրաստմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն Արամ Դեմիրին և Արման Շարքլըին :

