image

Նորեկ սիրիահայը՝ Կանադայում. Նազարեթ Էլմաջյան

Նորեկ սիրիահայը՝  Կանադայում. Նազարեթ Էլմաջյան

Norano.ca — Կանադայում հանդիպելիս էլ նախկին դամասկոսցիները սիրիահայ Նազարեթ Էլմաջյանին, հին սովորության համաձայն, «ընկեր Նազար» են ասում: Մի կողմից կոմունիստական գաղափարներ կրող հայրիկի ազդեցությամբ, մյուս կողմից Հնչակյան կուսակցությանն անվերապահ նվիրումով է ապրել իր կյանքը սկաուտական շարժումների ակտիվ անդամ Էլմաջյանը: Մի կյանք, որի մասին երանությամբ է հիշում երկուսուկես տարի առաջ Մոնրեալ տեղափոխված սիրիահայը:

 

ԳՈՒՑԵ ՇՏԱՊԵՑ…

Սիրիայից դուրս գալը անկյունադարձային որոշում էր, որը ճակատագրական եղավ Սիրիան անհունորեն սիրող Էլմաջյանի համար: Հիմա արդեն ափսոսում է, մտորում: Գուցե շտապեց, երբ 2014-ի վերջին ծնողների հորդորներով որոշեց լքել Դամասկոսը, գուցե դեռ հնարավորություն կար ապրելու և վայելելու այն երկիրը, որն իրեն ու սիրիացի բոլոր հայերին ազատ ու անհոգ կյանքով ապրելու հնարավորություն էր տվել:

 

«Չգիտեմ՝ արդյոք պիտի կարողանա՞մ նորից Դամասկոսը տեսնել: Երազի նման մեկ-մեկ հույս եմ տածում, թե կարող է հետ գնամ ու ապրեմ այնտեղ։ Դա երազ է, բայց Դամասկոսն իմ մեջ է»,– Noranor.ca-ի հետ զրույցում ցավով կրկնում է Նազարեթը՝ միաժամանակ  փոխանցելով այս քաղաքի ու երկրի հանդեպ հիացմունքը:

 

Նազարեթ Էլմաջյանի  ընտանիքը սիրիացի ժողովրդի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ դժվարությամբ, բայց կարողացել է ստեղծել լավ կենսապայմաններ, պահպանել կրոնական, ազգային և դրանից բխող բոլոր ազատությունները: Թարգմանիչ, լրագրող, ՍԴՀԿ կուսակցության ակտիվ անդամ, ԱՍԱԼԱ խմբավորման համակիր կառույցի՝ Հայկական ժողովրդային շարժման ներկայացուցիչ Նազարեթը կյանքի ավելի քան 50 տարիների ընթացքում տարաբնույթ գործունեություն է ծավալել Սիրիայում, զբաղվել թարգմանչական աշխատանքով, թղթակցել «Ազդակ» օրաթերթի արաբերեն բաժնին, մոտ մեկ տասնամյակ աշխատել Դամասկոսում հայկական դեսպանատանը, միևնույն ժամանակ կատարել կուսակցական և այլ պարտականություններ:

 

ԱՐԱԲԵՐԵՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Այս ամենի մեջ առանձնանում է նրա գործունեության մի ճյուղը՝ արաբերենով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին տեղեկությունների տարածումը: Եթե մեկ տասնամյակ առաջ արաբերեն թղթակցություններով էր դա անում, ապա հիմա սոցիալական ցանցերում է ակտիվորեն քարոզում հայկականությունը: Սա բնական մղում է, մոտ 20 տարի է անում է ինքնաբերաբար՝ գիտակցելով միաժամանակ, որ արաբական աշխարհին Հայաստանը ներկայացնելու հարմար հնարք է:

 

«Հայերենով գրող շատ կա, արաբերենով է գրող պետք, որովհետև Թուրքիան միլիոնավոր դոլարներ է հատկացնում՝ իր հակապրոպագանդան արաբական աշխարհում մեր դեմ անելու համար. որոշ երկրներում հաջողացնում է մեր անունը սևացնել։ Մենք էլ հենց նրանց դեմ պետք է պայքարենք: Ես հարյուրավոր արաբ ընկերներ ունեմ սոցցանցերում, և նրանց հետ մշտական կապ կա։ Նրանք հասարակ անձեր չեն, զարգացած մարդիկ են: Եթե հայերն արաբերեն իմանային, կտեսնեին, թե ոնց են մեկնաբանում իմ գրառումները, ոնց են արտատպում, այսինքն՝ հաջողվում է պրոպագանդա անել»,– վստահեցնում է Նազարեթը:

 

ՍԻՐԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Հպարտությամբ եմ հիշում այն օրը, երբ հայկական դրոշը բարձրացվեց Դամասկոսում Հայաստանի դեսպանատան վրա. ներկա եմ եղել»,– պատմում է սիրիահայը:

 

Հպարտություն, միևնույն ժամանակ պարտքի զգացում, որը նրան և շատ սիրիահայերի մղեց պահպանել դեսպանատունը՝ սկզբնական շրջանում կամավոր աշխատելով, հոգալով շենքի վարձավճարները և այլ ծախսերը, իսկ հետագայում իր ծառայությունը բերելով նաև այլ գործերում՝ մշակութային միջոցառումների կազմակերպման, թարգմանչության և այլ հարցերում:

 

Սիրիան հայերին տվել էր բոլոր հնարավորությունները՝ եկեղեցին, կրոնը, լեզուն, մշակույթն ու պատմությունը պահելու, զարգացնելու առավելությունները, իսկ այն ինչ կորցրել է հայ ազգը Սիրիայում ու հատկապես Հալեպում, դեռ չի պատկերացնում, համոզված է Էլմաջյանը, կպատկերացնեն նրանք, ովքեր եղել են Դամասկոսում ու ապրել այնտեղի կյանքը: Պատմում է.

 

«Մի հայ տիկին հանդիպեցի Կանադայում, ով Դամասկոսում մոտ 5 տարի աշխատել է, երբ պարզեցինք, որ երկուսս էլ կապ ունենք Դամասկոսի հետ, էլ չենք խոսում իրար հետ, որովհետև այս տիկինը նստում-լացում է, չի կարողանում ընդունել, որ այս քաղաքն այս ճակատագրին արժանանացավ»:

Նման ճակատագրի արժանի չէր Սիրիան, վստահ է Դամասկոսի նախկին բնակիչը, ով Սիրիայի մայրաքաղաքի հնագույն հուշարձանների մասին ևս հիացմունքով է պատմում, իսկ իր երկու հայրենիքների՝ Սիրիայի ու Հայաստանի մասին խոսում է միևնույն ցավով: Դրանցից մեկը լքելուց հետո առաջին հերթին գոնե կցանկանար ապրել մյուս հայրենիքում, բայց վստահ չէր, որ կկարողանար ֆինանսապես ապահովել իր ու ծնողների բարեկեցությունը:

 

Մարդ, ով վերջին 15-20 տարիներին ամեն տարի մի քանի ամսով այցելել է Հայաստան, ապրել երկրի մշակութային, քաղաքական կյանքով, հասկացել խնդիրներն ու դժվարությունները, վայելել արժեքները, իսկ երբ խոսքը վերաբերել է այնտեղ մշտապես հաստատվելուն, կանգնել է երկընտրանքի առջև:

 

«Եթե մի օր զգամ, վստահ լինեմ, որ կկարողանամ ապրել, տնտեսապես ապահով կզգամ իմ աշխատանքով, իհարկե, ուրիշ ոչ մի տեղ չեմ սպասի, կգնամ Հայաստան, դա է մեր հայրենիքը, բայց մեր ցավը կրկնապատիկ է, որ ստիպեցին հայրենիքը լքել և չենք կարող գնալ, որովհետև պայմանները նպաստավոր չեն»,– ասում է մոնրեալահայը:

 

Մինչդեռ Սիրիայում իր վաստակածը բավարար էր, որ տարվա կեսն անցկացներ Հայաստանում, միայն ծախսեր կատարեր՝ առանց եկամուտներ ստանալու։ Բաց չէր թողնում որևէ մշակութային միջոցառում՝ համերգ կամ ներկայացում, այցելում էր տեսարժան վայրեր: Դեպի Գառնի նման մի այցելություն էլ կատարել էին այն շրջանում, երբ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ էին կատարվում:

«Մի անգամ Գառնիից վերադառնում էինք Երևան, չթողեցին մտնեինք, կարծում էին՝ գնում ենք բողոքի ակցիայի մասնակցելու: Չեմ ուզում սև գույներով նկարագրել, բայց այս է: Իմ կարծիքով՝ երկիրը գնում է տոտալիտարիզմի: Այսինքն՝ ականատեսն եմ եղել՝ ինչ ձևով են եղել սահմանադրական փոփոխությունները»,– նկարագրում է կանադահայը:

 

ՍԻՐԻԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՆ

«Ես հաշվարկ արեցի, եթե Կանադայում պիտի ապրեմ ոնց որ Սիրիայում էի ապրում, 8,000 դոլարը չի հերիքի»,– ասում է արաբերենի թարգմանիչը, թեև Կանադայում իր աշխատանքից դժգոհ չէ, աշխատանքի է տեղավորվել հայկական մի համայնքում, որտեղ թոշակառուներ են ապրում, իսկ իր աշխատանքը նրանց խնամքի հետ է կապված, միևնույն ժամանակ ակտիվ կենսակերպ է վարում նաև Մոնրեալում: Արաբական մի ռադիոկայանով, որ կոչվում է Միջին Արևելք, մի հաղորդման է մասնակցում՝ արաբերենով պատմելով Սիրիայի, ինչպես նաև հայկական ավանդույթների մասին:

 

Կանադայում շատ ավելի դժգոհ է հայ համայնքի աղճատվածությունից, նկատել է, որ միասնականություն չկա: «Պոլսահայերը մի խումբ են, լիբանանահայերը՝ մի խումբ, Հայաստանից եկածները՝ լրիվ առանձին, սիրիահայերն էլ մեջտեղ շվարած ման են գալիս, հիմա ամեն մեկը սիրիահայերից գնաց իրեն պատկանող կողմը, դաշնակը՝ դաշնակի, հնչակը՝ հնչակի մոտ և այսպես շարունակ»,– ասում է ՍԴՀԿ անդամը:

 

Ինքն էլ կուսակիցների հետ կապը պահպանում է, թեև Սիրիայում դա շատ ավելի ամուր էր, միևնույն ժամանակ գաղափարապես ԱՍԱԼԱ խմբավորման մասին իր մոտեցումներն է պահպանում: Այս երկուսն իրար երբեք չեն խանգարել, վստահեցնում է, իսկ ԱՍԱԼԱ-ին համակրելը պարզ ցանկություն էր, որ ծնեց ազգասերների արարքը:

 

«ԱՍԱԼԱ-ի շարքերում ամեն տեսակի գաղափարի մարդիկ կային՝ հնչակ, դաշնակ և այլք, մենք պաշտպանում էինք քաղաքական գծով, գրքույկներ էինք տպում, միջոցառումներ…Որպես իրավիճակ՝ ԱՍԱԼԱ-ի երևույթը բոլորի հետ է եղել, բոլորի հետ էին շփվում, բայց ինչ կարող ես ասել մի լավ երիտասարդի, որ ամեն ինչ թողել է՝ իր կյանքը, իր տունը, իր գործը և այս ազգին է զոհաբերել, չես կարող իրեն չպաշտպանել»,– ասում է ԱՍԱԼԱ-ի համակիրը:

 

Էլմաջյանը Կանադայում ևս անում է ամեն ինչ Սիրիայից փոխադրած հայկական ավանդույթները տարածելու համար և վստահեցնում, որ սիրիահայերը կանադահայության մեջ ևս շատ բան կփոխեն, ամենակարևորը՝ որոշ ժամանակով գոնե ձուլման ընթացքը կհետաձգեն:


 Noranor