image

«Մինչեւ հինգերորդ դասարան չենք խոսելու Հայոց ցեղասպանության արյունալի իրադարձությունների մասին». Ձեռնարկի հեղինակ

«Մինչեւ հինգերորդ դասարան չենք խոսելու Հայոց ցեղասպանության արյունալի իրադարձությունների մասին». Ձեռնարկի հեղինակ

Վերջերս  «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկը մի շարք դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվել է ԿԳ նախարարությունում, որից հետո հանդիպումներ են կազմակերպվել նաեւ բարձր ու ցածր դասարանների ուսուցիչների հետ՝ գրքի հեղինակի՝  ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, հայագիտության դոկտոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանի մասնակցությամբ: Ձեռնարկը, ինչպես հայտնի է, մամուլում եւ այլ հարթակներում մեծ աղմուկի առիթ էր դարձել. տարակարծության հիմնական պատճառը երեխաներին հոգեբանական տրավմայի ենթարկելու հարցի հետ էր կապված: Սակայն, ինչպես քննարկումների ժամանակ նշել է  Ռուբինա Փիրումյանը, ի սկզբանե այդ հանգամանքը հաշվի է առնվել եւ գիրքը կազմվել է ԱՄՆ-ում մի շարք հոգեբանների եւ մանկավարժների հետ խորհրդակցությունների ու ակտիվ քննարկումների արդյունքում: 

Օրերս  Ռուբինա Փիրումյանը հանդիպում  է ունեցել նաեւ Հայ կրթական հիմնարկության կողմից հովանավորվող մի խումբ ուսանողների հետ: Վերջինս վերոնշյալ  կազմակերպության անդամ է եւ ակտիվորեն աջակցում է երիտասարդներին: Հանդիպման ընթացքում Ռ. Փիրումյանը անդրադարձել է գիրքը գրելու նախապատմությանը, մտահաղացմանը, շարժառիթներին եւ ծավալված դժգոհություններին:

«ԱՄՆ-ի մի շարք հայ եւ օտարազգի հոգեբանների եւ մանկավարժների հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաեւ հաշվի առնելով հրեաների փորձը՝ որոշեցինք, որ մինչեւ հինգերորդ դասարան չենք խոսելու Հայոց ցեղասպանության արյունալի իրադարձությունների մասին: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, եւ այն հասկանալու համար՝ երեխան պետք է պատրաստվի, որպեսզի կարողանա ըմբռնել որոշ թեմաներ, օրինակ՝ ի՞նչ է ազատությունը, ի՞նչ է արդարությունը: Այս թեմաները երեխաներին մատուցելու եւ հասկացնելու համար ընտվել են փոքրիկ պատմություններ ու հեքիաթներ, իսկ դրանց միջոցով երեխային ասելիքը ճիշտ մեթոդներով մատուցելը վերապահված է ուսուցչին»,- ընդգծել է ձեռնարկի հեղինակը:

«Ցեղասպանագիտություն պետք է դասավանդել, որովհետեւ մենք ժողովուրդ ենք, որի դեմ անարդարություն է կատարվել, եւ այդ անարդարությունը անպատիժ է մնացել: Պետք է դասվանդել, որովհետեւ Սփյուռքի սկզբնաղբյուրը Ցեղասպանությունն է: Սփյուռքը ճանաչելու համար անհրաժեշտ է իմանալ, թե Ցեղասպանությունն ինչպես եղավ, ինչպես ընկալվեց միջազգային հանրության կողմից: Չէ՞ որ այսօր էլ մենք ունենք նույն հարեւանները, որոնք վարում են նույն քաղաքականությունը, ինչ 1915-ին էր եւ դրանից առաջ: Նույն վտանգը մեզ սպառնում է նաեւ այսօր: Այս փաստը հաշվի առնելով՝ Ցեղասպանության ուսումնասիրությունը եւ վաղ տարիքից դասավանդումը կարեւոր նշանակություն է ձեռք բերում: Ի վերջո երեխան, այսպես, թե այնպես, ապրիլի 24-ին առնչվում է դրա հետ: Մենք փորձում ենք զոհի հոգեբանություն չսերմանել երեխաների մեջ՝ միաժամանակ փորձելով ատելություն չտարածել նաեւ թուրք ժողովրդի նկատմամբ»,- հավելել է հայագիտության դոկտորը:  

Հարկ է նշել, որ վերոնշյալ ձեռնարկն սկզբնապես նախատեսված է եղել միայն Սփյուռքի դպրոցներում ուսուցանելու համար, սակայն 2016թ. ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյան հրամանով՝ այն երաշխավորվել  եւ թույլատրվել է կիրառել նաեւ  ՀՀ հանրակրթական դպրոցներում:

 

Տաթեւիկ Մուրադյան