Լիբանանի ամենահայտնի հեռուստատեսային լրագրող Մարսել Ղանեմը հայտնվելու է դատարանում: Տեղեկությունը հաստատել է LBC միջազգային հեռուստակայանը, որտեղ աշխատում է Ղանեմը: Լրագրողի դեմ մեղադրանք է առաջադրվել Լիբանանի նախագահի հասցեին Ղանեմի վարած հաղորդման ժամանակ վիրավորանք հնչելու համար:
Մարսել Ղանեմի դեմ պատրաստվող այս գործի մասին վերջին շրջանում արաբական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եւ քննարկումներ կային. լրատվական աղբյուրները հաստատում են, որ մեղադրանքը կապ ունի Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ձերբակալությունից շաբաթներ անց Մարսել Ղանեմի հեղինակային «Քալամ էլ նաս» հաղորդմանը Սաուդյան Արաբիայից երկու լրագրողներ հրավիրելու հետ, որոնք էլ եթերում անպատվել էին նախագահ Միշել Աունին:
Մամուլը հաղորդում է նաեւ, որ 22 տարի անխափան եթեր ունեցող Մարսել Ղանեմի հաղորդումն արաբական աշխարհի ամենահայտնի թոք-շոուն է, ունի բազմաթիվ հետեւորդներ, եւ չի բացառվում, որ նրանք փողոց դուրս կգան՝ ի պաշտպանություն հեռուստալրագրողի:
«Քալամ էլ նաս» հաղորդումը համարվում է ազատ խոսքի հարթակ: Հաղորդման հյուրերն են եղել արաբական աշխարհի եւ այլ երկրների հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, նախագահներ, վարչապետեր, հայտնի դերասաններ, երգիչներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը:
