image

Ռուս դիվանագետները շնորհավորել են 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանի ծննդյան տարեդարձը

Ռուս դիվանագետները շնորհավորել են 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանի ծննդյան տարեդարձը

Ռուսաստանի դեսպանության դիվանագետները Երևանում շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի երևանաբնակ վետերան Ռոզալիա Սերգեյի Աբգարյանին՝ ծննդյան 103-ամյակի կապակցությամբ։

Ռոզալիա Աբգարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին, Թիֆլիսում։ Նրա հոր՝ Սերգեյի առաջին ընտանիքը զոհվել էր Կարսում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Դպրոցական տարիներին Ռոզալիան Մոսկվայում մասնակցել է պատանի կապավորների հանրապետական մրցույթին և հաղթող ճանաչվել։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 18 տարեկան հասակում, նա անցել է եռամսյա կուրսեր և որպես կապավոր մեկնել ռազմաճակատ։

Պատերազմի տարիներին անցել է հերոսական մարտական ուղի։ 1941 թվականի վերջին Ստալինգրադի մերձակայքում ընթացած մարտերում վիրավորվել է գլխից և հոսպիտալացվել։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ, որտեղ երկրորդ անգամ է վիրավորվել՝ այս անգամ դեմքից։ 

Ռոզալիա Աբգարյանը մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը, իսկ նրա մարտական ուղին ավարտվել է Պրահայում։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թիֆլիս և 1945 թվականի վերջին ամուսնացել զինվորական Եզնիկ Նալբանդյանի հետ, որ ծառայում էր Լեհաստանում։

Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո տեղափոխվել են Հայաստան, որտեղ ամուսինն աշխատանքի է անցել ներքին գործերի համակարգում։

Հայրենիքում Ռոզալիա Աբգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ 

Իր երկարամյա ուսուցչական վաստակի համար 1967 թվականին Գերագույն խորհրդի կողմից նրան շնորհվել է վաստակավոր ուսուցչուհու կոչում։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար վետերանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև «Մարշալ Բաղրամյանի», «Մարտական սխրանքի համար», «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։