Ստամբուլում ապրող հայաստանցի երեխաների «Հրանտ Դինք» վարժարանի պայմանների բարելավման համար երեկ Ստամբուլում համայնքային մեծ հանդիսություն է տեղի ունեցել: Նման հավաքները պոլսահայերն ավանդաբար կոչում են Սիրո սեղան, որի շուրջ համախմբվում են համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներն ու աջակցություն ցուցաբերում այս կամ այն կառույցին: Այս անգամ հանգանակություն է կատարվել ի նպաստ Թուրքիայում աշխատող հայաստանցիների երեխաների դպրոցի, որը Ստամբուլում գործում է 2003 թվականից: Մինչեւ հանգանակությունը պատարագ է մատուցվել Գում Գափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում:
Սիրո սեղանին մասնակցել են դպրոցի հոգաբարձուները՝ պոլսահայ բարերարներ Խորոզօղիները, հայ պատգամավոր Կարո Փայլանը, Սեւ ծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, ներկայացուցչական խորհրդական Իգոր Մարտիրոսյան, Պեշիկթաշի քաղաքապետարանից Նուրհան Փալաքօղլուն, Պաքըրգյուղի քաղաքապետարանից Մարգրիտ Դիքմեն, բազմաթիվ հայտնի գործիչներ, բարերարներ, հասարակական գործիչներ, իրավաբան Ֆեթհիյե Չեթինը, Ռաքել Դինքը եւ այլ հյուրեր:
«Արեւելք»-ի տեղեկություններով, հայաստանցի երեխաների դպրոցի համար հանգանակվել է մոտ 100 հազար ամերիկյան դոլար: Դպրոցը շուտով տեղափոխվելու է նոր ու բարեկարգ շենք, որը ձեռք է բերվել հոգաբարձուների ջանքերով, եւ հանգանակված գումարն օգտագործվելու է նաեւ այն կահավորելու նպատակով:
Այսօր մոտ 148 հայաստանցի աշակերտ է սովորում նշված դպրոցում: 21 հայաստանցի ուսուցիչ էլ դպրոցում զբաղված է արտագնա կրթական աշխատանքով: «Հրանտ Դինք»-ը Հայաստանի կրթության նախարարության ծրագրերով Հայաստանից դուրս գործող միակ դպրոցն է: Իննամյա այդ հաստատության վկայականով հայաստանցի երեխաներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու Հայաստանի դպրոցներում:





Լուսանկարները՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի